Մեկամյա Հարությունը սիրիահայ Փոքրավորյանների ընտանիքի առաջնեկն է: Ի տարբերություն ծնողների եւ տատիկ-պապիկների՝ Հարությունի ծննդյան փաստաթղթում նշված է՝ «ծննդավայրը՝ Երեւան»:

Հայաստանում ծնված փոքրիկ սիրիահայը
Փոքրավորյանների ընտանիքը Հալեպից Երեւան է տեղափոխվել 2014թ-ին, երբ հաճախադեպ դարձած ռմբակոծությունները հասել են նաեւ իրենց թաղամաս եւ անվտանգ ապրելը դարձրել անհնար:
Տիկին Լիոնեթը կարոտով է խոսում Հալեպում անցկացրած տարիների մասին, հաճախ մտովի զուհագեռում հալեպյան ու երեւանյան կյանքը:
-Սիրիայում կյանքը շատ լավ էր: Ամուսինս դպրոցի ավտոն կքշեր՝ վարորդ էր: Տղաս ալ մեխանիկ էր: Լավ կապրեինք,- «Արևելքի» հետ զրույցում ասում է նա:
Երեւան տեղափոխվելուց հետո Փոքրավորյանները նոր խնդիրների են բախվել՝ աշխատանքի բացակայությունից մինչեւ ապրելակերպի ու մտածողության տարբերություններ:
-Հալեպում 14, 16 տարեկանի համար գործ կա, կասեն՝ եկուր, աշխատիր: 60 տարեկան մարդուն ալ Հալեպին մեջ աշխատանք կա, կըսեն՝ «դուն միայն աս խանութին մեջ ապրանքները լավ նայիր, ես քեզի ամեն շաբաթ փողը կուտամ»: Բայց հոս՝ չկա,- ասում է տիկին Լիոնեթը:
Սիրիայում կնոջ նկատմամբ վերաբերմունքն այլ էր, ամուսինների կողմից հարգանքն՝ ավելի շատ, վստահեցնում է տիկին Լիոնեթը,
-Դուն եթե հարս եղար Հալեպին մեջ, տղամարդը չի ձգեր քեզ, որ աշխատիս: Սպասուհի ալ կբերի, որ դուն խանում-խաթունին պես տանը նստիս: Տղամարդը Հալեպին մեջ խմող տեսակը չէ, աշխատող, վայելցնող, փող բերող տեսակ է,- ասում է տիկին Լիոնեթը:

Լիոնեթ Փոքրավորյանը
Հայաստանում անցկացրած 2 տարիների ընթացքում Փոքրավորյանների ընտանիքը մի քանի տուն եւ աշխատանք է փոխել: Տիկին Լիոնեթի ամուսինը նախ երթուղայինի վարորդ է աշխատել: Վառելիքի եւ գծատիրոջը տրվող վարձը, սակայն, այնքան շատ է եղել, որ ամուսինը հաճախ աշխատանքից ձեռնունայն է վերադարձել:
Երեւանում ապրելու առաջին տարում պետությունը փոխհատուցել է նրանց բնակարանի վարձը՝ տրամադրելով ամսական 60.000 դրամ: Սոցիալական խնդիրների տակ կքած սիրիահայ ընտանիքը 1 տարի անց ստիպված է եղել ավելի էժան բնակարան վարձել՝ տեղափոխվելով քաղաքի ծայրամասային թաղամասում գտնվող բնակարան:
-55.000 դրամ վարձ կուտանք հոս, բայց բան մը չկար տանը: Որը՝ հարեւանը տվավ, որը՝ բարեկամը: Սառնարանն ու լվացքի մեքենան ալ ապառիկ առանք,- ասում է տիկին Լիոնեթի հարսը՝ Աննան:


Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո Աննան աշխատանքի է անցել երեւանյան գործարաններից մեկում՝ որպես բանվորուհի: Աշխատել է 1 տարի՝ մինչ առաջնեկի լույս աշխարհ գալը:
-Ամսական 55.000 դրամ աշխատավարձ կուտային: Բայց եթե թույլտվություն վերցնեիր, որ բժշկի երթայիր, չաշխատածդ ժամերին համար գումարդ կպակսեցնեին: Եղել է, որ 47.000, 48.000 ստացեր եմ,- ասում է Աննան:
Տիկին Լիոնեթը նշում է՝ հատկապես թոռան ծնունդից հետո ծախսերը կտրուկ ավելացել են: Օգնության խնդրանքով դիմել են մի քանի կազմակերպությունների.
-Ասին՝ ջահել եք, գնացեք աշխատեք: Ո՞ւր է գործ, որ աշխատենք. դյուրին է խոսքով,- սրտնեղում է տիկին Լիոնեթը:
Փոքրավորյանների ընտանիքում այժմ միայն Աննայի ամուսինն է աշխատում՝ մեխանիկ է: Երբեմն էլ տիկին Լիոնեթն է գործի դնում «Կարմիր խաչից» օգնություն ստացած կարի մեքենան եւ հագուստի ձեւափոխման աշխատանք կատարում: Վաստակած 100.000 դրամը, սակայն, շատ քիչ է բնակարանի վարձի, կոմունալ վճարների, սննդի, փոքրիկին անհրաժեշտ պարագաների ծախսերը հոգալու համար:
-Դժվար է կյանքը հոս. ինքը սիրուն քաղաք է, լավ քաղաք է, բայց ապրուստը քիչ մը դժվար է: Գործ չկա. գործն է, որ մեր մեջքը կկոտրի: Որ գոնե տունին վարձը տան, տղաս կաշխատի՝ ուտելիքին ծախսը կուտա, քիչ մը անհոգ կապրինք,- ասում է տիկին Լիոնեթը:

Հարսը՝ Աննան
Փոքրավորյանների ընտանիքը շուտով կհամալրվի եւս մեկ երեխայով: Ընտանիքի անդամները հուսով են, որ փոքրիկն իր հետ խաղաղություն կբերի, որ Սիրիայում իրավիճակը կկարգավորվի եւ կրկին Հալեպ վերադառնալու հնարավորություն կունենան: