image

ԱՄՆ-ից՝ Տավուշ. Հայրենադարձ Սամվելը Տավուշում լավանդայի տոն է արարում

ԱՄՆ-ից՝ Տավուշ. Հայրենադարձ Սամվելը Տավուշում լավանդայի տոն է արարում

Միացյալ Նահանգների հարմարավետ կյանքը թողնելն ու հայրենիք վերադառնալը շատերի համար անիրական է թվում, սակայն կան մարդիկ, որոնք կատարել են այդ համարձակ քայլը։ 

Պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ բնությանը նոր շունչ տալու որոշումը 62-ամյա Սամվել Սեմերջյանի համար դարձավ շրջադարձային։  Իր հայրենադարձությամբ նա ապացուցեց, որ հայրենասիրությունն ու արարելու կամքը սահմաններ չեն ճանաչում։ 

ԱՄՆ-ից վերադառնալով՝ Սամվել Սեմերջյանը Վարագավան-Իջևան ճանապարհին հիմնել է 5000 քմ տարածքով լավանդայի (նարդոսի) այգի և կառուցել ժամանակակից էկո չրանոց։

Սամվելի նպատակն է Տավուշի այս բուրավետ ու խաղաղ անկյունը դարձնել զբոսաշրջության և հանգստի յուրահատուկ կենտրոն։ Այսօր արդեն նրա հիմնած լավանդայի մանուշակագույն ծովում անդադար աշխատում են մեղվաընտանիքները․ դաշտերը բաց են նաեւ այցելուների համար․ յուրաքանչյուր այցելու կարող է կտրվել առօրյայից, շնչել բնության խաղաղությունն ու վայելել տանտիրոջ՝ Սամվելի անսպառ հումորն ու ջերմ հյուրընկալությունը։

Այգում գտնվող մեղվաընտանիքները պատահական չեն ընտրված. Սամվել Սեմերջյանը նպատակ ունի այստեղ հիմնել նաև լավանդայի մեղրի լայնածավալ արտադրություն։ Լավանդայի մեղրը հազվագյուտ և բարձրարժեք ծաղկային մեղր է, որն աչքի է ընկնում իր նուրբ ծաղկային բույրով, հանգստացնող հատկություններով և բաց դեղինից մինչև սաթե գույնով։ Այն հիանալի միջոց է նյարդային համակարգը հանգստացնելու և քունը կարգավորելու համար։

Լավանդայի ծաղկահավաքը

Հունիսի 27-ին և 28-ին, ժամը 09:00-ից 18:00-ն, Պառավաքար–Իջևան ճանապարհահատվածում գտնվող «Մոլորված 1» տարածքում  կրկին այցելուների համար կբացվեն լավանդայի ծաղկած ու բուրավետ դաշտի դռները։ Սա գեղեցիկ հնարավորություն է վայելելու տարածքի հմայքը, շնչելու նրա անուշ բույրը, լուսանկարվելու և պարզապես մի քանի ժամով կտրվելու առօրյա հոգսերից։ Սա կարող է դառնալ ամառվա ամենատպավորիչ, բուրավետ ու էսթետիկ օրերից մեկը, որը հիանալի առիթ է թե՛ բնության գեղեցկությունը վայելելու, թե՛ սահմանին արարող հայրենադարձի ձեռնարկին աջակցելու համար։

 

Այգում հյուրերը կարող են ոչ միայն շրջել, այլև մասնակցել լավանդայի ծաղկահավաքին ու թեյ խմել։ Կազմակերպիչները խորհրդանշական շատ էժան գին են սահմանել (1000 ՀՀ դրամ), որի մեջ ներառված է նաև մեկ փունջ լավանդա։ Ցանկացողները հնարավորություն կունենան ձեռք բերելու նաև լավանդայի թփեր (500 ՀՀ դրամ/հատ)՝ սեփական այգիներում տնկելու նպատակով։

Օգտակար տեղեկատվություն այցելողների համար

Անվտանգություն. Քանի որ տարածքում կան ակտիվ մեղվաընտանիքներ, կազմակերպիչները հորդորում են հյուրերին լինել ուշադիր և զգոն։

Տրանսպորտ. Կիրակի օրը՝ հունիսի 28-ին, դեպի այգի կգործի հատուկ երթուղի։ Բերդ–Իջևան ուղևորատար մեքենան (գազելը) ժամը 09:30-ին կլինի Բերդի ավտոկայանում, որտեղից կուղևորվի դեպի լավանդայի այգի (երկկողմանի ճանապարհածախսը՝ 1300 ՀՀ դրամ)։

Լրացուցիչ հարցերի և համակարգման համար գործում են հետևյալ հեռախոսահամարները՝ 094221967 կամ 044120363 (այգու հիմնադիր՝ Սամվել Սեմերջյան)։