image

Հալեպի հայկական ծերանոցի խնամյալները դատարանի որոշմամբ ստիպված են եղել լքել մայրատունը

Հալեպի հայկական ծերանոցի խնամյալները դատարանի որոշմամբ ստիպված են եղել լքել  մայրատունը

Հալեպահայ մամուլ-Հալեպի «Վերժին Գյուլբենկյան» մայրատունը պատմականորեն բարերար դերակատարում է ունեցել սիրիահայության, հատկապես՝ հալեպահերի համար։ Այն սկզբում ծառայել է որպես ապաստան Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականների համար, իսկ հետագայում եղել է ծննդատուն՝ բոլոր հարանվանությունների հայ մայրերի համար։ Սիրիական ճգնաժամի տարիներին, սակայն, մայրատունը, ինչպես շատ այլ կառույցներ, փակել էր իր դռները։

Երբ պատերազմի հետևանքով Հալեպի Բոստան Փաշա թաղամասում գտնվող Հայ ծերանոցի շենքը (որը գտնվում էր հալեպահայ երեք համայնքների հովանավորության ներքո) հայտնվեց բախումների գոտում, համայնքապետները որոշեցին անմիջապես տարհանել տարեցներին՝ նրանց կյանքը փրկելու համար։ Այդ օրերին հայ երիտասարդները, վտանգելով իրենց կյանքը, կրակոցների տակ օգնության հասան և տարեցներին տեղափոխեցին նախ «Աստուրյան» հիվանդանոց, ապա՝ «Վ․ Գյուլբենկյան» մայրատուն։

Քանի որ մայրատունն աշխարհագրորեն գտնվում էր ավելի հանդարտ և հայաշատ թաղամասում, այն ժամանակավորապես ապահով տանիք դարձավ ծերանոցի խնամյալների համար։ Այդ ընթացքում Բոստան Փաշայի բուն շենքը պատերազմի պատճառով ամբողջությամբ ավերվեց և թալանվեց։

Հալեպահայ համայնքապետները, խորհրդակցելով «Գյուլլապի Գյուլբենկյան» հաստատության տնօրենների խորհրդի հետ, հարմար էին գտել տարեցներին պահել մայրատան շենքում և այնտեղ ստեղծել համապատասխան պայմաններ, քանի դեռ Բոստան Փաշայի հիմնական շենքը չէր վերանորոգվել։ Սակայն ավերված կենտրոնի վերականգնումը հսկայական գումարներ և ժամանակ էր պահանջում, իսկ համայնքը փորձում էր տնտեսական ծանր պայմաններում հայթայթել անհրաժեշտ միջոցները։ Քննարկվում էր անգամ ազգային կառույցներից մեկը ժամանակավորապես հարմարեցնել տարեցների կարիքներին:

«Գանձասար»ը հաղորդում է, որ ցավոք, օրերս «Վ․ Գյուլբենկյան» հաստատության սեփականատերը, չսպասելով ծերանոցի հիմնական շենքի վերանորոգմանը, դատական կարգով պահանջել է դատարկել մայրատունը։ Դատարանի որոշման լույսի ներքո համայնքը ստիպված է եղել շտապ կարգով դուրս բերել տարեցներին։

Բերիոյ հայոց թեմի առաջնորդը, Ազգային վարչության ատենապետը և գաղութի պատասխանատուները ծանր բանակցություններ են վարել հիվանդանոցի դատարկումը պահանջող կողմի հետ՝ խնդրելով գոնե կարճ ժամանակ տրամադրել վատառողջ տարեցներին հանգիստ պայմաններով տեղափոխելու համար։ Սակայն հակառակ կողմը պատրաստակամություն չի ցուցաբերել, և բանակցությունների արդյունքում տեղափոխման համար տրվել է ընդամենը 3 օր ժամանակ։

Տեղափոխման գործընթացը

Թերթը տեղեկացնում է, որ Հայ ծերանոցի խնամակալությունը՝ ատենապետ հոգեշնորհ Տեր Մանուկ վարդապետ Բարիխանյանի գլխավորությամբ, և ծերանոցի ողջ անձնակազմը՝ տնօրեն Թամար Բարսեղյան-Սարգսյանի հսկողությամբ, անցել են գործի՝ օրնիբուն, երբեմն մինչև կեսգիշեր աշխատելով տարեցների և գույքի տեղափոխման վրա։ Տիկնանց հանձնախումբը ստանձնել է խոհանոցի իրերի դասավորումն ու խնամյալների հոգատարությունը։ Գործընթացին ներկա է գտնվել նաև Բերիոյ թեմի Ազգային վարչությունը։

Աշխատանքներին կամավորական հիմունքներով մեծապես աջակցել են Սիրիայի երիտասարդական միության (ՍԵՄ) և Հայ երիտասարդաց ընկերակցության (ՀԵԸ) երիտասարդներն ու աղջիկները։ Նրանց շնորհիվ խնամյալները, որոնց թվում կային նաև ծանր հիվանդներ, մենակ չեն մնացել այս դժվարին պահին։

Տեղափոխությունն իրականացվել է երեք փուլով։ Երկուշաբթի օրը կատարվել է շենքի ողջ գույքի գույքագրումը։ Երկրորդ փուլով՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, տեղի է ունեցել շենքի ամբողջական դատարկումն ու իրերի տեղափոխումը։ Իսկ չորեքշաբթի օրն իրականացվել է բոլոր տարեցների տեղափոխությունը։

Տեղափոխման վերջին օրը տարեցներին այցելել են Բերիոյ հայոց թեմի առաջնորդի ներկայացուցիչ հոգեշնորհ Տեր Արմեն վարդապետ Գալայճյանը (առաջնորդ սրբազան հոր բացակայության պատճառով), Բերիոյ թեմի Կաթողիկե հայոց առաջնորդն ու Հայ ավետարանական համայնքի պետը։

Տարեցների ներկա վիճակը

Թեև այս պահին պատրաստի հարմարավետ վայր չկար, տարեցները ժամանակավորապես տեղափոխվել են ազգային կառույցներ՝ Ազգային պատսպարան և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու ներքնասրահ։ Այնտեղ նրանց ապաստան է հատկացվել, իսկ կամավոր երիտասարդուհիները հատուկ հոգատարություն են ցուցաբերում՝ տարեցների հոգեկան վիճակը թեթևացնելու համար։

Այս պահին խնամյալները ժամանակավոր ապաստան են գտել նշված վայրերում, մինչև որ հնարավորություն ստեղծվի մեկ այլ կառույց օժտել անհրաժեշտ առողջապահական ու կենցաղային պայմաններով և երկրի ներկայիս ծանր տնտեսական պայմաններում լուծել նրանց կեցության հարցը: