image
Հրատապ լուրեր:

«Սա խիստ դատապարտելի քայլ է». Թուրքագետը աշակերտական երդման հնարավոր վերադարձի մասին

«Սա խիստ դատապարտելի քայլ է». Թուրքագետը աշակերտական երդման հնարավոր վերադարձի մասին

Հարցազրույց արևեարևելագետ պատմագիտության դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային

հարաբերությունների ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ`Թուրքիայի դպրոցներում աշակերտական երդման վերականգնման թեմայով: Հիշեցնենք, որ «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումը, որ տասնյակ տարիներ պարտադրվել է Թուրքիայի բոլոր դպրոցներին ու չեղարկվել միայն 2013-ին, այնպարտադրվում է նաև Ստամբուլի հայկական համայնքի բոլոր դպրոցներին:

 

-Ինչպես եք գնահատում Թուրքիայի դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը:

 

-Սա խիստ դատապարտելի քայլ է։ Երբ 2013 թ. հոկտեմբերին, «Ժողովրդավարացման փաթեթի» շրջանակում, ի թիվս այլ սահմանափակ բարեփոխումների, դպրոցներում արգելվեց «Աշակերտական երդումը» Թուրքիայում շատերը ողջունեցին այդ քայլը: Ավելին, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող հասարակական-քաղաքական շարժումներ,  եվրոպական կառույցները լիահույս էին, որ հաջորդող քայլերը միտված են լինելու էլ ավելի արագացնելու Թուրքիայի կրթական համակարգի ապաազգայնամոլացման և ապաքեմալականացման գործընթացները։ Մինչև Ձեր նշած որոշումը այդ փաթեթը և նրանում տեղ գտած մի շարք զիջումները հիշատակվում էին վերջին տարիների միակ քիչ թե շատ շոշափելի քայլը, որը կատարել էր Էրդողանի իշխանությունը։ Սակայն, Վարչական դատարանի որոշումը նոր ազդակ հաղորդեց քեմալական անցյալի ու էրդողանական ներկայի շուրջ քննարկումներին։

 

-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը՝ և սխալ համարել Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարանի որոշումը, ամեն դեպքում նրա այս քննադատությունը հետևանքներ կարող է թողնել:

 

-Եթե նշված որոշումը անդրկուլիսային պայմանավորվածությունների հետևանք չէ, ապա պետք է սպասել  իշխանության երկու ճյուղերի՝ գործադիր և դատական, միջև լարվածության հերթական ալիքին։ Դժվարանում եմ, հավատալ, թե իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ նման վերահսկողություն ունեցող Էրդողանն ինչպես կարող էր նման բացթողում թույլ տալ։ Թեև արդեն հայտնի է, որ Ազգային կրթության նախարարությունն բողոքարկել է այդ որոշումը առավել բարձր դատական ատյանում և այդ որոշման վերականգնումը դեռ վերջնական չէ։

Իրականում, 80 տարի գործած այդ կրթական ավանդույթի վերացումը Էրդողանը համարում էր նաև քեմալական անցյալի ու նրա մերօրյա պաշտպանների նկատմամբ տարած գաղափարախոսական հաղթանակ։ Այդ երդումը չի տեղավորվում նաև նրա իսլամական-ազգայնականության ծիրի մեջ։ Աթաթյուրքի հիշատակին ու պաշտամունքին ուղղված այդ երդումը, որը 1933 թ. ներկայացվել էր Կրթության նախարարի կողմից՝ միտված էր աշակերտական տարիներից առանձնակի պաշտամունք ձևավորել Աթաթյուրքի, հայրենիքի և թուրքակենտրոն ազգային մտածելակերպի նկատմամբ։ Իսկ վերջին տասնամյակի ընթացքում Էրդողանի պաշտամունքի կողքին Աթաթյուրքը կորցրել է իր երբեմնի փայլը։ Պահպանողական-իսլամական առնվազն երկու-երեք սերունդ, ազգային ու կրոնական փոքրամասնությունները ցանկություն չունեն ամեն առավոտ կրկին հիշատակել Աթաթյուրքին։ Կախված առավել բարձր ատյանների դիրքորոշումից՝ հայցը կարող է ներկայացվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

 

-Սա նաև ծագումով պարտադրվելու է Ստամբուլի հայկական համայնքի բոլոր կրթօջախներին, այս առումով խնդրի լուծում տեսնում եք:

 

-Այս երդման մեջ կան անընդունելի, քննական միտքը ճնշող, անձնականը ընդհանուրին ու պետությանը զոհաբերելու հորդորներ։ Այն միտված է տրորելու դպրոցականի մեջ ծիլեր տվող անհատականությունը՝ փոխարենը առաջ է մղում հանրայինը, պետականը։ Աթաթյուրքին ուղղված ինքնանվիրումից հետո, առավել զարհուրելի, անընդունելի է ֆաշիզմի լավագույն ավանդույթներով ու ոգով գրված երդման վերջին նախադասությունը «Երջանիկ է նա իր թուրք է կոչում»։ Թերևս այս միտքը, որը Թուրքիայի հանրային վայրերում ամենահաճախ հանդիպող կարգախոսն է, առավել վրդովվեցուցիչ է ազգային փոքրամասնությունների համար։ Լոզանի պայմանագրի 37-45 հոդվածները միտված են երաշխավորելու հայերի, հույների և հրեաների իրավունքները, մինչդեռ տասնամյակներ շարունակ այդ երդման պարտադրումը շարունակաբար ոտնահարել է այդ միջազգային պայմանագրի ոգին։ Փոքրամասնություններին պատկանող 24 դպրոցները մշտապես հետևել են այդ պահանջին։ Դատարանի այս որոշումը ուժի մեջ մնալը կարող է հիմք հանդիսանալ Լոզանի պայմանագրի որոշ կետեր կրկին հանրային քննարկման առարկա դարձնելու և այդ երդման կիրառումից հրաժարվելու համար։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ դատարանի որոշման մեջ նշվում է, որ 2013 թ., իշխանությունները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել, Աշակերտական երդումը վերացնելու համար։ Թուրքիայի կրթական և գիտական ոլորտի աշխատակիցների արհմիությունը, որը դատական հայցի նախաձեռնության հեղինակն է պնդում է, որ երդման վերականգնումը նվեր է հայրենասեր դպրոցականների համար։ Հարց է առաջանում, ո՞ր դպրոցականների համար և ի՞նչ հիմնական շարժառիթներ կան դպրոցականներին նման «շռայլ» նվեր տալու հետնախորքում։