image
Հրատապ լուրեր:

«Օսկարի» մրցանակաբաշխությանը հնարավոր է հնչի «Արցախ» անունը

«Օսկարի» մրցանակաբաշխությանը հնարավոր է հնչի «Արցախ»  անունը

Հայաստանի ազգային կինոակադեմիան մոտ օրերս պիտի ընտրի և «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնի հայաստանյան այն ֆիլմը, որը լավագույնս  է ներկայացնում  թե՛ անկախ Հայաստանի կինեմատոգրաֆիան, թե՛ հայ ժողովրդի վերջին տասնամյակների ապրած տագնապները: 1988-ից սկիզբ առնող  այդ տագնապներից  արցախյան հարցը մինչև այսօր էլ մնում է մեր ժողովրդի հիմնական խնդիրը, որի լուծմանն են սպասում հայաստանցի ու արցախցի ժողովուրդն ու համայն հայությունը: Ազգային կինոակադեմիայի ընտրությանն են ներկայացված երեք ֆիլմ, որոնցից մեկը՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» Արցախի պատերազմի մասին է: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս աշխարհի քարտեզի վրա կարմիր կետով ցույց տվեց Հայաստանի ու Արցախի տեղը, աշխարհին հիշեցնելով, որ երկրագնդի այս մասում անավարտ հակամարտություն կա, որի` ժամանակ առ ժամանակ թեժացումը մարդկային հարյուրավոր կյանքեր է խլում: Նույն միտքը արտահայտվում է նաև Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, որն արցախյան հակամարտության մասին նկարահանված քչաթիվ լիամետրաժ ֆիլերից է: Արցախում ծնված և բազմաթիվ պատերազմական պատմությունների ականատես եղած ռեժիսորի «Վերջին բնակիչը» միակը չէ, որ պատերազմի դաժան դեմքն է ցույց տալիս: Ջիվանը նկարահանել է նաև «Թևանիկը» լիամետրաժ ֆիլմը, ինչպես նաև՝ արցախյան կյանքի մասին պատմող  վավերագրություններ: Կինոյի միջոցով աշխարհին պատգամներ փոխանցող նրա ձեռագիրը ծանոթ է նաև սփյուռքում, և ոչ միայն՝ հայ հանդիսատեսին. «Թևանիկ» ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում,  նվաճել է միջազգային մրցանակներ` Չինաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Այս տարի ֆիլմը առաջադրվել է Գլենդելի Միջազգային և World Cinema Berlin-ի կինոարտադրողների միջազգային կինոփառատոներում: «Թևանիկը» ցուցադրվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմի հանդեպ բարձր գնահատականները փաստում են, որ արվեստը կարող է հավասար քայլել քաղաքականության հետ և այն, ինչ պակասում է քաղաքական քայլերում, կարելի  է հաջողությամբ գտնել ֆիլմում:  

Կինոյի միջոցով աշխարհի ուշադրությունը հայության հիմնական հարցի վրա հրավիրելու Ջիվան Ավետիսյանի որդեգրած քաղաքականությանը հավատացողները՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, սպասում են, որ «Վերջին բնակիչը» նույնպես սկսի իր միջազգային հաղթարշավը՝ ներկայացվելով «Օսկարի» մրցանակաբաշխությանը, և Հայաստանի եւ Արցախի անկախությունների 25-ամյակների առթիվ աշխարհի ամենաբարձր կինոամբիոնից հնչի «Արցախ» անունը: Հինգ երկրների համատեղ արտադրությամբ ստեղծված «Վերջին բնակիչը»  ֆիլմի երաժշտության հեղինակը, ինչպես հայտնի է՝ Սերժ Թանգյանն է: Վստահ ենք՝ նրա համաշխարհային ճանաչումը նույնպես կօգնի հերթական օսկարյան մուտքը հայերիս համար հնչեղ ու սպասված դարձնել:

 

«Արևելք» 


Հ.Գ. Չթերագնահատելով   Ազգային կինոակադեմիայի ընտրությանը ներկայացված մյուս երկու ֆիլմերը, նշենք, որ Հայաստանից «Օսկարի» մրացանակաբաշխությանը ներկայացվելու հավակնորդ են նաև Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը: