image
Հրատապ լուրեր:

Ինչո՞ւ պետք է համաներումը չազդի նաեւ ցմահ դատապարտվածներ վրա. Բողոքի ակցիա՝ Աժ-ի մոտ

Ինչո՞ւ պետք է համաներումը չազդի նաեւ ցմահ դատապարտվածներ վրա. Բողոքի ակցիա՝ Աժ-ի մոտ

Այսօր ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում ցմահ դատապարտյալների հարազատներն ու ընկերները: Նրանք պահանջում էին կառավարության կողմից առաջիկայում իրականացվելիք համաներման նախագծում ներառել նաև ցմահ դատապարտվածների գործերը: Ակցիայի մասնակիցներից հասարակական գործիչ Վահագն Չախալյանն «Արեւելքի» հետ զրույցում ասաց, որ ակցիան իրազեկման նպատակ ունի, նրանք Ազգային ժողովի պատգամավորներին են փոխանցել իրենց պահանջները, որոնք, ըստ ցույցի մասնակիցների, հնարավոր է ներառել համաներման նախագծում: Նախաձեռնությունը մասնավորապես պահանջում էր ցմահ ազատազրկումը փոխարինել 20-25 տարվա ազատազրկմամբ մի քանի խմբերի համար, որոնք են՝ հաշմանդամները, մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ դատվածները, հանցանքի պահին 21 տարին չբոլորածները, որոնք ազատազրկման են դատապարտվել 2003 թվականի օգոստոսի 1-ից հետո եւ բացառապես ինքնախոստովանության կորզման հիման վրա դատվածները: Ըստ Վահագն Չախալյանի, պատգամավորները, «ցմահ» բառը լսելով, մի քիչ վարանում էին. «Սակայն նրանք թերեւս պատկերացում չունեին, որ ցմահ ազատազրկվածների շարքում կան մարդիկ, որոնք հանցագործություն չեն գործել և դատվել են ցուցմունք կորզելու հիման վրա: Կան ցմահականներ, որոնց գործերն անհետացել են արխիվից, ոչնչացվել են եւ այլն: Մեր նպատակը ուշադրություն հրավիրելն էր այդ մարդկանց գործերի վրա, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող, ազատազրկման ընթացքում բացառապես դրական նկարագիր դրսեւորվածների եւ մի քանի խմբերի վրա»,-«Արեւելքին ասաց Վահագն Չախալյանը, նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է իրենց պահանջներին, առաջարկել ավելի շատ տեղեկություններ տրամադրել, որպեսզի նա այդ տեղեկությունները ներկայացնի արդարադատության նախարարի պաշտոնակատարին: Ալեն Սիմոնյանը հավաքվածներին միաժամանակ տեղեկացրել է, որ յուրաքանչուրր բանտարկյալի գործ պետք է քննվի առանձին: Ցմահականների հարազատներն իրենց պահանջն արտահայտում էին ինքնատիպ ակցիայով՝ նրանք անցորդներին կարմիր վարդեր էին նվիրում ու գրություն, որով քաղաքացիների ուշադրությունն ու օգնությունն էին հայցում, նշելով, թե ինչո՞ւ պետք է համաներումը չազդի նաեւ ցմահ դատապարտվածների վրա: