Այսօր առավոտյան 68 տարեկանում բանտում մահացել է հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Այդ մասին «Արեւելքը» տեղեկացավ Լեւոն Հայրապետյանի մտերիմ ընկերոջից՝ Մացակ Փոլադյանից: Բարերարի մահվան մասին տեղեկացրել է նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ նրան համարելով «հայ ազգի մեծ զավակ»:
Լեւոն Հայրապետյանն ավարտել է ՄՊՀ-ի Փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվում էր նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։
Նա համարվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության ամենախոշոր ներդրողը։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչկավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար ), որը Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանը իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։
2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցումը Մարտակերտի շրջանում գտնվող Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը արժեցավ 7 միլիոն դոլար։ Ապագա ջրամբարի շուրջ որոշված էր տուրիստական ենթակառուցվածքի և հանգստյան գոտիների կառուցումը։ «Մենք կկարողանանք լուծել մի քանի խնդիր միանգամից. ձեռք բերել քաղցրահամ ջրի ահռելի պաշարներ, արտադրել էլեկտրաէներգիա, աշխատանքով ապահովել մոտակա բոլոր գյուղերի բնակիչներին և աջակցել զբոսաշրջության զարգացմանը»,- մեկնաբանել է Լևոն Հայրապետյանը։
Նա բազմաթիվ այլ բարեգործությունների հեղինակ է: Հայազգի բարերարի վերջին ցանկությունն է եղել, որ իրեն հուղարկավորեն ծնողների կողքին: