«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի մասին հայերեն Վիքիպեդիայում գրվել է «Հաց բերողը» հոդվածը:
Արթուր Սարգսյան (առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, ծնվ․1968, օգոստոսի 9), քանդակագործ, փայտի փորագրող, Էրեբունու ոստիկականական գումարտակը գրաված «Սասնա Ծռերին» սնունդ հասցրած անձ։
Կենսագրություն
Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։
Զբաղվում է փայտի փորագրությամբ։ 1996 թվականից իր ստեղծած աշխատանքները վաճառում է Վերնիսաժում։
Կրթություն
Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկ բաժինը:
2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։
Ի պատիվ կյանքը վտանգելով ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաներին հաց հասցնող Արթուր Սարգսյանի՝ հասարակական պահանջ-առաջարկ ներկայացվեց, որպեսզի յուրաքանչյուր օգոստոսի 9-ին (Ա.Սարգսյանի ծննդյան օրը) նշվի որպես հաց բերողի օր։ Տոնի շրջանակներում առաջարկվում է այդ օրը սնունդ նվիրել դրա կարիքը ունեցող մարդկանց։
Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին։ Մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգի ենթարկելով՝ հնարավորություն են տալիս մարդկանց գոյատևելու և հասնելու բարեկեցության։ «Ավրորայի» քարտուղարությունը և անկախ դիտորդները հավակնորդների մեծ ցուցակ կներկայացնեն ընտրող հանձնաժողովին, որից հետո ընտրող հանձնաժողովը 2017 թվականին կհայտարարի «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները, իսկ նույն թվականի ապրիլի 24-ին տեղի կունենա «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը:
Արթուր Սարգսյանին և նրա արարքին երգահան Արմեն Մովսիսյանն ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանը նվիրել են «Հաց եմ բերել, տղերք» երգը։
Մանրամասներն ու հղումները՝ Վիքիպեդիայի հոդվածում: