image

Ժնևում մեկնարկել են Սարգսյան-Ալիև բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

Ժնևում մեկնարկել են Սարգսյան-Ալիև բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: 

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: 

Հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Ավելի վաղ Twitter-ի իր էջում ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտնել էր, որ ՀՀ Նախագահը ժամանել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայր:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում։