Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Գարեգին Սևունցի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները Հին Խնձորեսկի Սուրբ Անապատ եկեղեցու տարածքում գտնվող Մխիթար Սպարապետի հիշատակի վայրում անցկացրել են պատմության բաց դաս, որը նվիրված է եղել հայ նահատակներին: Միջոցառման շրջանակներում նույն վայրում տեղադրվել է նաև հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից Մխիթար Սպարապետի կյանքն ու գործունեությունը համառոտ բնորոշող ցուցատախտակ, ինչպես նաև զետեղվել է Սպարապետի տապանաքարի գրաբար գրությունների աշխարհաբար բացատրության ցուցանակը. «Սա է մարմնով գերեզման իջածի հանգստյան տապանը:Նրա անունն է Մեծ Մխիթար:Նա ուներ իշխանություն, բայց նպատակին չհասած՝ գնաց ջահել: Նա Գանձակ երկրից էր: Նահատակվեցին ՌՃՀԶ Թվական»:
Բաց դաս վարել եւ ցուցանակների տեղադրումը նախաձեռնել է դպրոցի պատմության ուսուցիչ Արարատ Թրվանցը։

Սուրբ Անապատ եկեղեցու տարածքում գտնվող Մխիթար Սպարապետի հիշատակի վայրը Սյունիքի մարզի զբոսաշրջության կանգառներից մեկն է: Անդնդախոր ձորերով շրջապատված և դժվարանցանելի ճանապարհներ ունեցող վայրը խնամում են գյուղի դպրոցի աշակերտներն ու Խնձորեսկ գյուղի բնակիչները:


Լուսանկարները՝ «Խնձորեսկ» ֆեսյբուքյան էջից


