ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 3-ին, Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:
Շնորհակալություն հայտնելով հայկական պատվիրակությանը բարձր մակարդակով հյուրընկալելու համար՝ Նախագահ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ Հնդկաստանի բարգավաճմանն ու հնդիկ ժողովրդի բարեկեցությանն ուղղված նրա պատասխանատու գործում:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Քովինդի հետ հանդիպումը նոր լիցք կհաղորդի հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանրապետության Նախագահը բավականին տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը եւ ցուցահանդեսը, որի բացմանն իր գլխավորությամբ մասնակցել է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Հնդկաստան իր աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Մոդիի եւ փոխնախագահ Նայդուի հետ կայացած արդյունավետ հանդիպումների մասին, որոնց ընթացքում հանգամանալից անդրադարձ է եղել միջխորհրդարանական եւ միջկառավարական մակարդակներով հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Անդրադառնալով հայ-հնդկական դարավոր բարեկամությանը` Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների հարաբերությունների մասին մեծ թվով հիշատակումներ կան պատմիչների գործերում. բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, հայ եւ հնդիկ առեւտրականներն ամուր կապեր են հաստատել դեռեւս մեր թվարկության առաջին հազարամյակում: Նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ 16-րդ դարից սկսած Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում ձեւավորվել են զգալի թիվ կազմող հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարություն են ունեցել Հնդկաստանի հասարակական ու քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:
Հայկական համայնքներից միայն Կալկաթայի համայնքի մասին խոսելիս Նախագահը նշել է, որ 17-19-րդ դարերում այդ համայնքը շատ կենսունակ էր եւ ակտիվ հասարակական-քաղաքական մասնակցություն ուներ ոչ միայն Հնդկաստանի, այլ նաեւ ողջ հայության կյանքում: Այդ համատեքստում Նախագահը հիշատակել է 1794թ. Մադրասում տպագրված հայկական առաջին տպագիր պարբերականը` «Ազդարարը», ինչպես նաեւ գրեթե նույն ժամանակահատվածում՝ Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը, որը ուրվագծել է անկախ հայոց պետության ապագա Սահմանադրությունը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին եւ հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նշելով, որ վաղը այցելելու է Ագրա քաղաքում գտնվող Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, Նախագահը ուրախությամբ է փաստել, որ այդ հոյակերտ հուշարձան-դամբարանի կառուցմանը մասնակցել են նաեւ հայ շինարարները:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին եւ Հնդկաստանին հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները վերածել միջպետական ջերմ եւ գործընկերային հարաբերությունների: Նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` այդ նշանակալից հոբելյանի կապակցությամբ հղած շնորհավորանքի համար եւ հույս հայտնել, որ բարձր մակարդակի պարբերական հանդիպումները կօգնեն լիարժեքորեն բացահայտելու երկու երկրների միջեւ առկա համագործակցության մեծ ներուժն ու նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները:
Հնդկաստանի Նախագահը գործընկերոջը շնորհավորել է նաեւ Հայաստանում իրականացված բարեփոխումների եւ պետական կառավարման նոր համակարգի անցնելու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններում Հանրապետության Նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Հանդիպմանը հայ-հնդկական երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցության օրակարգի հարցերից բացի, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահ Ռամ Նաթ Քովինդը վերահաստատել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով լուծելու` իր երկրի դիրքորոշումը եւ ընդգծել, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: