image

Սիրիահայ բանաստեղծուհին հպարտ է, որ իր խոսքերով ստեղծվել է Շուշիի հիմնը

Սիրիահայ բանաստեղծուհին հպարտ է, որ իր խոսքերով ստեղծվել է Շուշիի հիմնը

Հինգ տարի առաջ,  ԼՂՀ  Մշակույթի նախարարության պատվերով, գրվեց Շուշիի օրհներգը, որի խոսքերի հեղինակը սիրիահայ բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը: Օրհներգի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թ-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 20-ամյակին՝ ջերմ ընդունելության արժանանալով:

«Ինձ համար օրհներգ ունեցող քաղաքը նման է մի ընտանիքի, որտեղ ապրողներ կան, որտեղ մարդիկ կան, այսինքն՝ տունը դատարկ չէ: Կարծում եմ՝ Շուշին գնալով ոչ միայն ավելի բազմամարդ քաղաք կդառնա, այլև Արցախի և հայության մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը կլինի, և մենք կարդարացնենք այն հաղթանակը, որը նվաճեցին մեր հերոսները 25 տարի առաջ»,-ասում է Նուշիկ Միքայելյանը:

Նշենք, որ Նուշիկ Միքայելյանը հեղինակել է նաև Արտաշատ քաղաքի պաշտոնական հիմնի խոսքերը:

 

Շուշիի օրհներգը

Անառիկ ու հզոր

Ժայռակուռ ամրոց ու բերդ,

Քարաշեն իմ հավա՛տ, իմ Շուշի՛,

Դու վահան ու սիրտ

Մեր փառապանծ անցյալի՝

Լույսի կանթեղ վիթխարի:

Դու հայոց արծվաբուն,

Մեր հոգու սխրանք ու կամք,

Դու մոխրից վեր հառնած հուշարձան,

Դու մեր գեղասքանչ

Տաղ ու կանչ՝

Սրբածին շարական:

Փառքն ես հայ ազգի,

Սիրտն Արցախի,

Հանուն քո նոր կյանքի

Ելանք մենք մարտի:

 

Տաթևիկ Մուրադյան