Հինգ տարի առաջ, ԼՂՀ Մշակույթի նախարարության պատվերով, գրվեց Շուշիի օրհներգը, որի խոսքերի հեղինակը սիրիահայ բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը: Օրհներգի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թ-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 20-ամյակին՝ ջերմ ընդունելության արժանանալով:
«Ինձ համար օրհներգ ունեցող քաղաքը նման է մի ընտանիքի, որտեղ ապրողներ կան, որտեղ մարդիկ կան, այսինքն՝ տունը դատարկ չէ: Կարծում եմ՝ Շուշին գնալով ոչ միայն ավելի բազմամարդ քաղաք կդառնա, այլև Արցախի և հայության մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը կլինի, և մենք կարդարացնենք այն հաղթանակը, որը նվաճեցին մեր հերոսները 25 տարի առաջ»,-ասում է Նուշիկ Միքայելյանը:
Նշենք, որ Նուշիկ Միքայելյանը հեղինակել է նաև Արտաշատ քաղաքի պաշտոնական հիմնի խոսքերը:
Շուշիի օրհներգը
Անառիկ ու հզոր
Ժայռակուռ ամրոց ու բերդ,
Քարաշեն իմ հավա՛տ, իմ Շուշի՛,
Դու վահան ու սիրտ
Մեր փառապանծ անցյալի՝
Լույսի կանթեղ վիթխարի:
Դու հայոց արծվաբուն,
Մեր հոգու սխրանք ու կամք,
Դու մոխրից վեր հառնած հուշարձան,
Դու մեր գեղասքանչ
Տաղ ու կանչ՝
Սրբածին շարական:
Փառքն ես հայ ազգի,
Սիրտն Արցախի,
Հանուն քո նոր կյանքի
Ելանք մենք մարտի:
Տաթևիկ Մուրադյան