«Նիդերլանդական օրագիր»- Նիդերլանդների «Staphorst Nieuws» տեղական լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ստապհորստ քաղաքից հեծանվային տպավորիչ ճանապարհորդություն սկսած 36-ամյա իրանահայ Արոտին Բաբախանին (Arotin Babakhani), անցնելով ավելի քան 5500 կիլոմետր, հասել է Հայաստան։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Բաբախանիի համար հայրենիք մուտք գործելու պահը չափազանց հուզիչ է եղել. 18 տարվա ընթացքում առաջին անգամ նա հնարավորություն է ունեցել ամենուր ազատորեն հաղորդակցվել իր մայրենի լեզվով։ Հայաստան մտնելուց առաջ նա Վրաստանի հարավում արդեն հանդիպել էր հայկական բնակավայրերի, որտեղ տեղի բնակիչները ջերմորեն ընդունել էին նրան ու հյուրասիրել։
«Անցած 53 օրերի ամբողջ ցավն ու դժվարությունները մի քանի վայրկյանում անհետացան։ Շատ անսովոր էր կրկին ամենուր հայերեն լսել և մարդկանց հետ մայրենի լեզվով շփվել»,– իր Instagram-ի էջում գրել է Բաբախանին։
Արոտին Բաբախանին այժմ ուղևորվում է Արարատի մարզ, որտեղ նախատեսում է այցելել հայկական եկեղեցի, ապա համախոհների հետ բարձրանալ լեռ՝ Իրանի համար աղոթելու նպատակով։ Նրա ճանապարհորդության վերջնական հանգրվանը Հայաստան–Իրան սահմանն է։
Երիտասարդն այս ուղևորության շրջանակներում դրամահավաք է իրականացնում «Transform Iran» կազմակերպության համար, որն աջակցում է Իրանում հալածվող քրիստոնյաներին։ Բաբախանիի ծնողները ժամանակին փախել են Իրանից, իսկ ինքը մեծացել է Նիդեռլանդներում՝ տեղի իրանահայ քրիստոնեական համայնքում։ Այս ուղևորությունը նրա համար ոչ միայն բարեգործական նախաձեռնություն է, այլև ունի խորապես անձնական ու հոգևոր նշանակություն։
Ինչպես նշում է «Staphorst Nieuws»-ը, Բաբախանին պատմել է, որ դեռ 19 տարեկանում հեծանիվ վարելիս մի տեսիլք է ունեցել, ըստ որի՝ մի օր պետք է հասնի Հայաստան-Իրան սահման և այնտեղ աղոթի Իրանի համար։ Երկար տարիներ նա նախապատրաստվել է այս գերհեռավոր ճանապարհորդությանը՝ տարբեր հեծանվային երթեր կազմակերպելով Եվրոպայում, մինչև որ 2026 թվականին որոշել է ի կատար ածել իր երազանքն ու նպատակը։
Աղբյուրը՝ «Staphorst Nieuws» (Նիդերլանդներ) / «Նիդ.օրագիր»