Բեյրութի օդանավակայանի դեմ կատարվելիք ահաբեկչական մեծ գործողություն է կանխվել: Այս մասին լուրը փոխանցում է «Ալ Դիար» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ, ահաբեկչական խմբավորումները մտադիր են եղել օդանավերի վայրէջքի վայրում հրդեհներ առաջացնել, որպեսզի հնարավոր լինի վայրէջք կատարելիք կամ վերելքի պատրաստվող օդանավերի աշխատանքը խափանել: Ստեղծվելիք քաոսից օգտվելով՝ ահաբեկիչ տարրերը մուտք էին գործելու «Ռաֆիկ Հարիրի»-ի անվան միջազգային օդանավակայանի սպասասրահ ու այնտեղ ծրագրել էին ինքնասպանական գործողություններ իրականցնել՝ հարյուրավոր մարդկանց սպանության պատճառ դառնալով :
Աղբյուրը նաեւ նշում է, որ ահաբեկիչները, օգտվելով հրդեհների հետեւանքով խաթարված թռիչքների խուճապից, մտադրվել են թիրախ դարձնել օդանավակայանի սպասասրահները: Նշենք, որ անցնող օրերին Լիբանանի անվտանգության մարմիններին հաջողվել էր ձերբակալել երկրի սահմանային հատվածներում աշխուժություն ցուցաբերող տասնյակ մեղադրյալների, որոնց մեջ , ենթադրվում , կան ահաբեկիչներ եւ վտանգավոր տարրեր:Առաջին անգամը չէ, որ լիբանանյան մամուլի ներկայացուցիչներ բարձրաձայնում են Բեյրութի օդանավակայանի վտանգված լինելու մասին: