image

Փաշինեանի Մայիսեան ուղերձը. Շեշտը խաղաղութեան վրայ է

Փաշինեանի Մայիսեան ուղերձը. Շեշտը խաղաղութեան վրայ է

2026 թուականի մայիս 9–ը կը նշենք Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հաստատուած խաղաղութեան պայմաններուն մէջ։ Մայիս 9-ի կապակցութեամբ իր ուղերձը յղած է Նիկոլ Փաշինեանը։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միութեան եւ արեւմտեան դաշնակիցների տարած յաղթանակի օրն է, որը մեր երկրում նշւում է որպէս Յաղթանակի եւ խաղաղութեան տօն։

Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկութիւնը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի աւելի քան կէս միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպէս նաեւ արեւմտեան դաշնակցային բանակներում եւ ընդյատակեայ դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դէմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագոյն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։

Ֆաշիզմի դէմ տարած յաղթանակի 81–ամեակը դիմաւորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտաւոր ենք չմոռանալ այն աղէտները, որ մարդկութեանը բերել է ֆաշիզմը եւ դատապարտել այդ երեւոյթն իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կեանքը տուեցին մարդկութիւնը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում նաեւ ֆաշիզմի դէմ պայքար մղած բոլոր երկրներին եւ մարդկանց։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի՛ քաղաքացիներ,

2026 թուականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատուած խաղաղութեան պայմաններում։ Արդէն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգութեան հետեւանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրաւոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգութիւններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագոյն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախութիւնից ի վեր առաջին անգամ ունենք։

Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերուած խաղաղութեան նկատմամբ՝ այն ամէն օր աւելի ամուր եւ աւելի յուսալի դարձնելու նպատակով։ Հաստատուած խաղաղութիւնը պատմական հնարաւորութիւն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնուած անվտանգութեան, բարեկեցութեան ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահօրէն քայլում ենք այդ ճանապարհով եւ զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետութիւնն է յարգանքի մեծագոյն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների յիշատակին, եւ այն ծառայութիւնը, որը մենք պէտք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Մենք կը մատուցենք մեր տուրքը, մենք կը մատուցենք մեր ծառայութիւնը։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը»,- գրուած է ուղերձին մէջ։