image

Սիրիահայերը գտնվում են Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում. Սփյուռքի նախարար

Սիրիահայերը գտնվում են Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում. Սփյուռքի նախարար

«Սիրիահայերին աջակցելու առումով 2017-ը լինելու է անցնող հինգ տարիների շարունակությունը, և Հայաստանի հանրապետության կառավարությունը շարունակելու է բոլոր այն աշխատանքները, որոնք արվում են Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար»,-«Արևելքին» հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Սիրիահայության առումով ամփոփելով անցած տարին՝ Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ տարին լարված էր սիրիահայերի համար և, հիշելով հալեպյան վերջին դեպքերը, սեպտեմբերի 30-ը անվանեց «արյունոտ  ուրբաթ», երբ մեկ օրվա մեջ տասնյակի հասնող մեր հայրենակիցներ զոհ գնացին ռմբակոծություններին: Նա ասաց, որ այդ դեպքերը շատ մեծ վնաս են հասցրեցին մեր ժողովրդի հոգեբանությանը և ընդհանուր ժողովրդագրությանը:

ՀՀ Սփյուռքի նախարարը հայտնեց, որ անցնող տարվա մեջ ընդհանուր առմամբ Հայաստան է եկել շուրջ 700 սիրիահայ, միայն վերջին երեք ամսվա ընթացքում՝ 156-ը:  «Այն աղմուկը, որ մեծ թվերով գալիս են, շարժվում են, տեսանք, որ իրականություն չդարձավ, և այսօր արդեն նաև Հալեպում հաստատված խաղաղությունն է  ոգևորում մարդկանց՝ իրենց տներում մնալու,  իրենց գործին ավելի կառչած լինելու առումով»,- մեզ հետ զրույցում հայտնեց նախարարը:

Ներկայացնելով կառավարության աջակցությունը՝ սիրիահայերին, Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ կարևոր էր կառավարության հատկացրած մոտ 250 միլիոն դրամը, որ տրամադրվել  է սիրիահայերի՝ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման խնդիրը լուծելու համար, լուծված համարեց նաև սիրիահայեր  ուսանողների ուսման վարձը, որ  «Գյուլբենկյան» հիմնադրամը հոգում է ՀԲԸՄ-ի հետ միասին: «Ոչ միայն դա, այլ նաև՝ բոլոր կրթական հարցերը, մանկապարտեզներից սկսած, նրանց համար լուծված են: Մոտավորապես մեկ միլիոնից ավելի գումար է հատկացվել մանր և միջին բիզնեսի օժանդակման համար, որ նրանք կարողանան անձական գործ դնել և 100-ից ավելի սիրիահայեր սկսել են իրենց բիզնեսը, կարելի է ասել՝ արդեն հաջողակ են: Մենք էլ  տասնյակ ցուցահանդեսներ ենք կազմակերպում նրանց համար, որտեղ նրանք կարողանան իրենց գործի արդյունքը ներկայացնել: 2016-ին միայն 16 ցուցահանդես ենք կազմակերպել, որտեղ սիրիահայերն իրենց արտադրանքը, ձեռքի աշխատանքը վաճառել և այդ գումարով իրենց կարիքներն են հոգացել: 1800 սիրիահայ ստացել է Հայաստանում կեցության կարգավիճակ, իսկ  18000-ը դարձել է քաղաքացի: Նշեմ, որ կառավարության այն որոշումը, որով սիրիահայերը կարող են Սիրիայում ստանալ իրենց անձնագրերը, ուժի մեջ է լինելու նաև այս տարի, մի բան, որ որևէ այլ երկրում չկա:  Մի խոսքով, պարզեցված հեշտացված բոլոր կարգերը գործում են պատերազմից տուժած սիրիահայերի համար, և նրանք անընդհատ գտնվում են հանրապետության նախագահի ուշադրւթյան կենտրոնում: Անցնող տարին ամփոփելով, չենք կարող չնշել այն մեծ հոգեբաական աջակցությունը, որ Հայաստանի հանրապետությունը ցուցաբերեց Սիրիայի հանրապետությանը՝ այնտեղ ուղարկելով 30 տոննա բեռ, որը, նյութական աջակություն լինելուց առաջ, նախ հոգեբանական նեցուկ էր. սիրիահայերը զգացին, որ պետությունը կանգնած է իրենց կողքին, մտածում է իրենց մասին»,-ասաց Սփյուռքի նախարարը, ավելացնելով, որ սիրիահայերի համար սկսած ոչ մի ծրագրում 2017 թվականին փոփոխություն չի լինելու: «Տա Աստված, խաղաղություն լինի, և խաղաղություն էլ իր հետ այլ հարցերի լուծման անհրաժեշտություն է բերելու, օրինակ, թե ինչպես Սիրիայում մեր հայրենակիցները իրենց բնակարանները, կորցրած բիզնես վերականգնեն…  Այստեղ է, որ ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեր սփյուռքին, մեր հոգևոր կառույցներին, որովհետև  շատ ու շատ հայկական կառույցներ ամեն ինչ արեցին՝ նյութական օգնություն հավաքելու և Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին ուղարկելու, և կարծում եմ՝ 2017 թվականին հենց այդպիսի նյութական օգնություններն են կարևոր դառնալու»,-ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը: