image
Հրատապ լուրեր:

«Սարոյանն ասաց՝ երջանիկ է հայ ազգի համար, որն ունի այդպիսի հանճարեղ զավակ»

«Սարոյանն ասաց՝ երջանիկ է  հայ ազգի համար, որն ունի այդպիսի հանճարեղ զավակ»

Այսօր տաղանդավոր գեղանկարիչ, մտավորական, գրող Վարուժան Վարդանյանը կդառնար 68 տարեկան: 6 տարի առաջ կյանքից հեռացած արվեստագետի ընկերները, արվեստի երկրպագուներն այսօր մեկ անգամ ևս հիշում են նրան: Վարուժանի քրոջ՝ Հասմիկ Վարդանյանի գիրը՝ սիրելի եղբոր ծննդյան օրվա առթիվ ոչ միայն երղբորը, այլ նաև՝ մեծ արվեստագետին, հայրենասերին և երկրի սրտացավ քաղաքացուն նվիրված սրտի խոսք է.


Հասմիկ Վարդանյան-Նազարյան/«Արևելքին»

«Չգիտեի, որ կլինի մի օր, երբ եղբորս մասին հուշեր կգրեմ անցյալ ժամանակով։ Միշտ ասում էր, որ իր մասին գիրք գրելն ինձ է միայն վստահում։ Մտածում էի, որ երեխաներս կմեծանան ու հանգիստ կգրեմ գիրքս... Ու այսօր, երբ իր ծննդյան օրն է, ընկել եմ հուշերիս գիրկն ու արցունքներս են հոսում իմ վաղամեռիկ Վարուժանի համար։ Ամենահին հիշողություններս գալիս են այն ժամանակներից, երբ նա՝ տասներեք–տասնչորս տարեկան պատանի, ժամերով հակված մեծ գրասեղանին, կարդում էր, գրում, գծմծում, հավաքում և առանձնացնում նկարչության հետ կապված ամեն մի նյութ։ Այն ժամանակ դեռ չկային համակարգիչներ, որոնց միջոցով հիմա ցանկացած նյութ ստանում ենք վարկյանների ընթացքում։


 

Նման պահերին նա ինձ համար տարիքն առած պատկառելի, շատ խորհրդավոր մարդ էր դառնում իր ստեղծած անկյունով, գրասենյակային հսկա սեղանով հանդերձ, որի վրա շարված էին ծանր ու մեծ թանաքամաններն ու մյուս պարագաները։ Նա մեծանում էր, ստեղծագործում իր իսկ հիվանդագին աշխատասիրությամբ, կերտում իր կտավները, որոնց վրա աշխատում էր շատ երկար, միչև որ նրանք իր միսն արյունն էին դառնում՝ կրելով իրենց առաքելության լրջությունն ու պատասխանատվությունը։ Մինչ արվեստանոց ունենալն աշխատում էր մեր տանը, մեծ սենյակում։ Դժվար, բայց հրաշալի ժամանակներ էին, երբ օրվա ցանկացած ժամի հյուրեր էինք ունենում։ Շատ հայտնի արվեստագետներ, նկարիչներ, դերասաններ, արտասահմանյան հյուրեր մեծ հաճույքով այցելում էին մեր արվեստանոց–բնակարանն ու հետաքրքիր զրույցներ անցկացնում կյանքի, արվեստի և շատ այլ թեմաների շուրջ։
Սակայն երևի իմ համար ամենատպավորիչ հյուրը Վիլյամ Սարոյանն էր, որը Ժամանակակից արվեստի թանգարանում տեսել էր Վարուժանի նկարներն ու ասել, որ անպատճառ պետք է անձամբ ծանոթանա նրա հետ։ Նա եկել էր Հրանտ Մաթևոսյանի և Վահագն Դավթյանի հետ։ Սարոյանը հիացել էր Վարուժանի արտաքինով, իսկ նկարները դիտելուց հետո ասաց, որ ինքը երջանիկ է հայ ազգի համար, որն ունի այդպիսի հանճարեղ զավակ։ Վարուժանը շարունակում էր խորացնել իր գիտելիքները, կատարելագործել իր արվեստը։ Նա իր էությամբ արտիստ էր, և որքան որ նկարիչ էր, նույնքան էլ՝ արձակագիր էր ու պոետ։ Պարբերաբար տպագրվում էր տարբեր ամսագրերում և թերթերում։ Սիրելի ընկերոջ՝ Մինաս Ավետիսյանի ողբերգական մահը շատ ծանր կորուստ էր նրա համար, և նա Մինասի հիշատակին նվիրված գիրք գրեց՝ «Մինասի վերադարձը» վերնագրով։ Հետագայում հրատարակվեց նրա «Կեղտոտ սենյակ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Պետք է ասեմ, որ մարդիկ նրան հարգում էին ոչ միայն որպես նկարչի, այլ նաև որպես հայ մարդու, որը չէր սիրում անարդարությունն ու կյանքի արատավոր կողմերը։ Նա շատ ծանր էր տանում իշխանությունների խայտառակ, ոչ հայրենասիրական վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ։ Եւ այն, որ օրերով փակված աշխատում էր իր արվեստանոցում, դա չէր նշանակում, որ նա հայրենասիրությունից հեռու մարդ էր։ Կարող եմ ասել, որ շատ ավելի հայրենասեր էր, քան այն սուտի մտավորականները, որոնք անընդհատ խոսում են հայրենասիրությունից՝ օրը մի կուսակցություն փոխելով, իրենք իրենց վարկաբեկելով։
Նա գտնում էր, որ մարդը մի տեսակի մեջ պետք է լինի։ Իր նպատակը գեղանկարչական խնդիրներ լուծելն էր, և նա նկարչության միջոցով արտահայտում էր իր հոգու զգացումները, որոնք կերպարանք առած դուրս էին գալիս ասպետների, կռվարար աքաղաղների, ծաղիկների, դիմանկարների և շատ ու շատ այլ կերպարների տեսքով։ Իր բնույթով լինելով քրիստոնյա, խաչելության թեման Վարուժանն ընկալում էր որպես մարդկության տառապանքի բարձրագույն արտահայտություն, գտնելով, որ խաչելությունը քրիստոնեության հիմքերի հիմքն է։ Եւ նա ցուցահանդես բացեց «Խաչելություն» թեմայով։ Այժմ, երբ տարիներ են անցել, և հուսով եմ, որ եղբորս հոգին հանգիստ սավառնում է տիեզերքում, սիրտս մղկտում է, երբ հիշում եմ, թե որքան էր ուրախանում իր ներկերով, վրձիններով, շրջանակներով, մտածելով, որ կարող է հանգիստ աշխատել… Ու հիմա անասելի տխրում եմ, թե որքան կիսատ գործեր մնացին… Ոչինչ չի փարատում կորստի վիշտը, այն կուտակվում է, ամրանում ու դառնում ծանր մի քար, որ կրում ենք մինչև վերջ»։