Նման պահերին նա ինձ համար տարիքն առած պատկառելի, շատ խորհրդավոր մարդ էր դառնում իր ստեղծած անկյունով, գրասենյակային հսկա սեղանով հանդերձ, որի վրա շարված էին ծանր ու մեծ թանաքամաններն ու մյուս պարագաները։ Նա մեծանում էր, ստեղծագործում իր իսկ հիվանդագին աշխատասիրությամբ, կերտում իր կտավները, որոնց վրա աշխատում էր շատ երկար, միչև որ նրանք իր միսն արյունն էին դառնում՝ կրելով իրենց առաքելության լրջությունն ու պատասխանատվությունը։ Մինչ արվեստանոց ունենալն աշխատում էր մեր տանը, մեծ սենյակում։ Դժվար, բայց հրաշալի ժամանակներ էին, երբ օրվա ցանկացած ժամի հյուրեր էինք ունենում։ Շատ հայտնի արվեստագետներ, նկարիչներ, դերասաններ, արտասահմանյան հյուրեր մեծ հաճույքով այցելում էին մեր արվեստանոց–բնակարանն ու հետաքրքիր զրույցներ անցկացնում կյանքի, արվեստի և շատ այլ թեմաների շուրջ։
Սակայն երևի իմ համար ամենատպավորիչ հյուրը Վիլյամ Սարոյանն էր, որը Ժամանակակից արվեստի թանգարանում տեսել էր Վարուժանի նկարներն ու ասել, որ անպատճառ պետք է անձամբ ծանոթանա նրա հետ։ Նա եկել էր Հրանտ Մաթևոսյանի և Վահագն Դավթյանի հետ։ Սարոյանը հիացել էր Վարուժանի արտաքինով, իսկ նկարները դիտելուց հետո ասաց, որ ինքը երջանիկ է հայ ազգի համար, որն ունի այդպիսի հանճարեղ զավակ։ Վարուժանը շարունակում էր խորացնել իր գիտելիքները, կատարելագործել իր արվեստը։ Նա իր էությամբ արտիստ էր, և որքան որ նկարիչ էր, նույնքան էլ՝ արձակագիր էր ու պոետ։ Պարբերաբար տպագրվում էր տարբեր ամսագրերում և թերթերում։ Սիրելի ընկերոջ՝ Մինաս Ավետիսյանի ողբերգական մահը շատ ծանր կորուստ էր նրա համար, և նա Մինասի հիշատակին նվիրված գիրք գրեց՝ «Մինասի վերադարձը» վերնագրով։ Հետագայում հրատարակվեց նրա «Կեղտոտ սենյակ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Պետք է ասեմ, որ մարդիկ նրան հարգում էին ոչ միայն որպես նկարչի, այլ նաև որպես հայ մարդու, որը չէր սիրում անարդարությունն ու կյանքի արատավոր կողմերը։ Նա շատ ծանր էր տանում իշխանությունների խայտառակ, ոչ հայրենասիրական վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ։ Եւ այն, որ օրերով փակված աշխատում էր իր արվեստանոցում, դա չէր նշանակում, որ նա հայրենասիրությունից հեռու մարդ էր։ Կարող եմ ասել, որ շատ ավելի հայրենասեր էր, քան այն սուտի մտավորականները, որոնք անընդհատ խոսում են հայրենասիրությունից՝ օրը մի կուսակցություն փոխելով, իրենք իրենց վարկաբեկելով։