image

Սիրիահայերը շարունակում են հայրենիք գալ. Թալին Չաուշյան

Սիրիահայերը շարունակում են հայրենիք գալ. Թալին Չաուշյան

Ընդամենն օրեր առաջ՝ մայիսի 28-ին է Թալին Չաուշյանն իր երկու որդիների հետ Լիբանանից Հայաստան տեղափոխվել՝ Բեյրութում թողնելով ամուսնուն: Տխրել է, որ ընտանիքը կիսվել է, բայց ուրախ է, որ վերջապես 7 և 14 տարեկան որդիներն իր կողքին կլինեն, որի հնարավորությունը չուներ Լիբանանում ապրելիս: Նրա պատմությանն անդրադարձել է կանադական noranor.ca-ն: 

5 տարի առաջ, երբ նրա ընտանիքը հեռացավ Հալեպից՝ հաստատվելով Լիբանանում, չհաջողվեց օրինական բնակության համար որևէ կագավիճակ ձեռք բերել, ապրեցին առանց փաստաթղթերի, որոնց ձևակերպումների համար ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ, իսկ իրենց աշխատանքով ամուսինները կարողանում էին հազիվ բնակարանի վարձավճարն ու առօրյա հոգսերը հոգալ, նույնիսկ երեխաների կրթությունն ապահովելու միջոցներ չեն ունեցել, ստիպված են եղել նրանց ուղարկել գիշերօթիկ հաստատություն:

«Երեխաներիս գիշերօթիկ տված էի, նույնիսկ իմ հետս չէին ապրեր:  Ան աստիճան հոնտեղը իմ վիճակս վատն էր, այլևս ուզեցի գոնե մեր հայրենիքը գանք, իմ աչքիս առաջը ըլլան զավակներս, դպրոց երթան, ապահովեմ, աս պարագաներով ելա իրենց առի եկա»,-պատմում է Թալին Չաուշյանը:

Հայաստանում նա քրոջ որդու՝ Գևորգ Էլանգոզյանի վարձակալած բնակարանում է ապրում: Երիտասարդն ավելի վաղ՝ 5 տարի առաջ է հաստատվել հայրենիքում, թեև նրա եղբայրը վաղուց տեղափոխվել է այլ երկիր, իր մոտ ևս մեծ ցանկություն կա միանալու եղբորը, բայց չի կարող: «Շատ կուզե դուրս ելլեր, բայց չի կրնար, իրեն մեծ եղբայրը նավի ճամփով գցած է, բայց չի կրցավ եղբորը տանիլ»,-պատմում է մորաքույրը:

Տեղափոխման դժվարություններ չեն առաջացել, «Հալեպ» բարեսիրական կազմակերպությունը աջակցել է, բայց առայժմ միայն այդքանը, մյուս հարցերը կինն ինքը պետք է լուծի: Մասնագիտությամբ բուժքույր է, Լիբանանում ապրած տարիներին աշխատանք ունեցել է, ու ակնկալում է, որ Հայաստանում էլ այնքան կկարողանա վաստակել, որ երեխաներին կողքին պահի: Բայց առայժմ ոչ միայն աշխատանք չի գտել, այլ նաև վարձով բնակարան: Նա ակնկալում է, որ սիրիահայերի հարցով զբաղվող կազմակերպությունները կկանգնեն հայրենիք եկած ընտանիքի կողքին: