Լեռնային Ղարաբաղի մէջ մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրուընէ պիտի ծաւալի նաեւ Հայաստանի Հանրապետութեան մէջ։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Լեռնային Ղարաբաղի պետնախարար Գուրգէն Ներսիսեանը:
«Առաւօտեան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչութեան եւ Արցախի կառավարութեան օպերատիւ շտաբի համակարգմամբ կը կազմակերպուեն Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ իրազեկման ակցիաներ։ Կոչ եմ անում բոլորին միանալ շարժմանը եւ մասնակից դառնալ նախատեսուած միջոցառումներին։
Հումանիտար աղէտալի վիճակում գտնուող Արցախի ժողովուրդը ելել է ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփիւռքում եւ Հայաստանում, այնինչ` անգամ այս իրավիճակում կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանութիւնների ետեւից․ մէկն ասում է՝ եթէ ակցիան ուղղուած չէ ռուսների դէմ, չեմ մասնակցում, միւսը Արեւմուտքին է դէմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարէն ՀՀ կառավարութեան առաջ հաւաքուել, մէկ ուրիշը այլ պատուէրներ ունի։
Որպէս Արցախում ստեղծուած օրհասական վիճակին ամենախորը տիրապետող մարդ՝ խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանութիւններին, համախմբուել ու գործել, բոլոր ուղղութիւններում էլ ասելիք ու անելիք կայ։ Իսկ եթէ անհրաժեշտ են սեփական անգործութիւնը հիմնաւորող պատճառաբանութիւններ, գոնէ կողքից մի՛ խանգարէք»,- գրած է ան։