Օտտավայում Հայաստանի դեսպանատանը մի շատ հետաքրքրական պատմություն ունեցող գեղանկար է պահվում՝ հանրությանը ոչ շատ հայտնի գեղանկարիչ Հ.Ասադուրյանի «Քեսաբի վերջին հովիվը» նկարը։
Նկարում (յուղաներկ) պատկերված է Քեսաբի վերջին հովիվ Քերոպ Արաբյանը, որը գյուղացիների կողմից հայտնի է Չուլպազ անունով։ Գեղանկարը արվել է սեւ ու սպիտակ լուսանկարի հիման վրա, որն առաջին անգամ հրապարակվել է 1956 թ․ Քեսաբի մասին պատմող ալբոմում։ Ալբոմը խմբագրել արդեն հանգուցյալ Տերենիկ եպիսկոպոս Փոլատյանը եւ հրատարակել է այն Բեյրութի Քեսաբի կրթական միությունը: Այս գեղանկարը պատկանել է Մարի Ղազարյան Նիկոլսին, որն ապրում էր Բրիտանական Կոլումբիայի Պենտիկտոն փոքր քաղաքում:
1970-ականներին տիկին Մարին, այցելելով Լոս Անջելես, հանդիպում է նկարիչ Ասադուրյանին եւ խնդրում նրան՝ վերարտադրել հին լուսանկարը։
Մարի Ղազարյան Նիկոլսն ծագումով Քեսաբից է, մանկատանն է մեծացել: 1940-ականների վերջին նա Հալեպում ավարտել է Ալթունյան հիվանդանոցի բուժքույրական հեղինակավոր ծրագիրը: Աշխատել է որպես դայակ Հորդանանի թագավորական ընտանիքում, այնուհետեւ՝ պաղեստինցի փախստականների հետ:
Տիկին Մարին ներգաղթել է Կանադա եւ իր կյանքի մայրամուտին՝ 2018-ին, երբ արդեն 98 տարեկան էր, նկարը պահ է տվել Օտտավայում Հայաստանի դեսպանատանը: