Ֆրանսահայ գրող, հայագետ Գրիգոր Պլտյանը Ե.Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանին կարեւոր նվիրատվություն է արել։ Մտավորականը նվիրաբերել է նշանավոր գրողներ Շահան Շահնուրի (Արմեն Լյուբեն, 1903-1974) ստացած նամակների (շուրջ 108 նամակ), Կոստան Զարյանի (1885-1969) նամակագրական ժառանգությունից 36 նամակների ինքնագրերը, գրող եւ գրականագետ Հակոբ Օշականի (1883-1948)՝ Զապել Եսայանին նվիրված ուսումնասիրության ինքնագիրը, Փարիզում տպագրվող «Յառաջ» օրաթերթի երկարամյա խմբագիր Արփիկ Միսաքյանի 17 նամակների ինքնագրերը, ինչպես նաեւ Սիլվա Կապուտիկյանի լուսանկարը՝ ընծայագրված Շահան Շահնուրին եւ պոլսահայ բանաստեղծ Զարհատի մի քանի բանաստեղծությունների լուսապատճենները եւ այլ նյութեր։
Թանգարանից տեղեկացանք նաեւ, որ նվիրաբերված վավերագրերը շահեկան տեղեկություններ են պարունակում ինչպես նշված գրողների, այնպես էլ հայ մշակույթի մասին առհասարակ։
Գիտական մշակումից հետո դրանք կդրվեն շրջանառության մեջ եւ պատրաստ կլինեն ուսումնասիրության համար։