image

Ծննդեան վայրը պիտի նշուի՝ Ատրպէյճան

Ծննդեան վայրը պիտի նշուի՝ Ատրպէյճան

Ղարաբաղէն տեղահանուած եւ ՀՀ քաղաքացիութիւն ստացած անձանց  կենսաչափական նոր փաստաթուղթերուն մէջ «ծննդյան վայր» դաշտին մէջ կը նշուի՝ Ատրպէյճան։ Այս մասին պարզաբանում տարածած է ՆԳՆ-ն։

«Ինչպէս բազմիցս պարզաբանել ենք, հարկ ենք համարում եւս մէկ անգամ պարզաբանել, որ անձը հաստատող փաստաթղթերում տուեալների ամրագրումը կատարւում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցուող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգաւորւում է ICAO (Քաղաքացիական աւիացիայի միջազգային կազմակերպութիւն) 9303 ստանդարտով, որում նշւում է, որ ծննդեան վայրը նշման դաշտը կարգաւորւում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետութիւնների, ամրագրում է այն աշխարհագրական միաւորները, որոնց վերաբերեալ նշումն ընդունելի է անձնագրում։ 

Ըստ այդմ՝ ոլորտի լիազօր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութեան կողմից կատարուող ցանկացած նշում, որը վաւերացուած չէ միջազգային կարգաւորման շրջանակում, խնդրահարոյց է սահմանային անցման կէտերում:

Տարբեր երկրների սահմանային վերահսկողութիւն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապոյտ անձնագրերում առկայ նշումների վերաբերեալ բազմաթիւ ահազանգեր են ստացուել ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիութեան ծառայութիւնում։ Ծառայութեան ամէնօրեայ գործունէութեան ընթացքում հին նմուշի կապոյտ անձնագրերում առկայ նշումների հետ կապուած խնդիրները գործընկերային ճանապարհով հնարաւորինս կարգաւորւում էին։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանուել է միասնական մօտեցում՝  ISO 3166 ստանդարտն ապահովելու եւ սահմանային կէտերում խնդիրները բացառելու նպատակով»,-նշուած է յայտարարութեան մէջ։