Հայաստանում լեզվի ուսուցման կենտրոն հիմնած լիբանանահայ մանկավարժը երազում է մանկապարտեզ ու դպրոց հիմնելու մասին
Սիրիայում ծնված ու երկար տարիներ Լիբանանում ապրած Արմինե Փանոսյանի հաջողությունները մանկավարժության բնագավառում հաջորդում էին միմյանց՝ ուսուցչությունից մինչև հրատարակչական ընկերությունում ուղեցույցների պատրաստում: 17 տարի աշխատելուց հետո ցանկություն ուներ լեզվի ուսուցման սեփական կենտրոնն ունենար, որտեղ կներդներ իր լավագույն գաղափարները:
Սա առաջին պատճառն էր, երկրորդը՝ 5-ամյա տղայի ապագայի վերաբերյալ մտահոգությունները, որ Արմիկ Փանոսյանը որոշեց տեղափոխվել Հայաստան: 2015թ-ին նախ եկավ որդու հետ, հետո միացավ նաև ամուսինը: Դժվարություններ եղան, բայց մանկավարժական հմտությունները օգնեցին հաղթահարել դրանք:
«Սկզբում բնակարանիս մեջ ընդունեցի, երեխաներ, չափահասներ, պարապեցի, ու քանի որ բնակարանս հարմար չէր, սկսեցի անգլերեն պարապել տարբեր տեղեր, դասերն անցկացնում էինք այգիների մեջ և այլուր: Ծնողներին սա դուր եկավ, ու 2017-ի սեպտեմբերին բիզնեսը սկսեց»,-ներկայացնում է հնարամիտ ուսուցչուհին:
Հայաստանում անգլերենի ուսուցման եղանակները զարմացրել են իրեն, ասում է. «Ոսուցիչը տալիս է բեմը աշակերտին ու օգնում է, ուղղություններ տալիս, վիճակներ է ստեղծում ու օգնում, որ ներկայացնի: Նաև թարգմանաբար լեզու չեն սովորում: Ես Լիբանանում ուսուցիչների վերապատրաստման եմ հետևել, ու չկա նման բան, այստեղ նկատեցի, որ հին թարգմանական միջոցներով են սովորում: Նոր բան է պետք տալ»,-վստահ է նա:
Այսօր արդեն կարողացել է ընդլայնել պայմանները, երեխաների ու մեծահասակների համար առանձին սենյակներ կահավորել, բայց ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում:
«Ծրագրերս մեծ են. անգլերեն թեքումով մանկապարտեզ բացել, հետագայում նաև դպրոց: Հեշտ չի լինի, բայց երբ որ բիզնեսի պրոցեսն արդեն պարզ եղավ, կածում եմ, որ հնարավոր է, մանավանդ ամառային ճամբարին որ գալիս են, ասում են՝ ի՜նչ լավ կլիներ՝ մանկապարտեզ ունենայիք, կբերեինք մեր բալիկներին, ու այսպես ինձ գաղափարներ տվեցին»,-ասում է Արմինե Փանոսյանը:
Այն ամենին, ինչին հասել է սփյուռքահայ ուսուցչուհին, սեփական ջանքերի շնորհիվ է, որևէ պետական կամ այլ կառույցի կողմից աջակցություն չի եղել: Ասում է. «Միակ առավելությունը, որ հայրենադարձ ես, լրագրողները ուշադրություն են դարձնում, բայց պետության կողմից, կազմակերպությունների, չկա նման բան»:
Դժվարություններից մեկը, որ հաղթահարեց, մարդկանց գրավելն էր, քանի որ Հայաստանում ոչ թե գովազդներով, այլ միայն ծանոթներով են ընտրում մասնագետներ: Ասում է. «Բիզնեսը Հայաստանում չի աշխատում գովազդային հարթակների վրա: Լիբանանում մեկը որ տեսավ գովազդը, ուղղակի հավատաց, գալիս է: Իսկ այստեղ ես ուղղակի ափսոսում եմ այն փողին, որ տվել եմ գովազդի համար, որովհետև միայն ժողովուրդը հավատում է իր բարեկամին, ծանոթին»,-ասում է գործարար կինը:
Նա իր այս քայլով արդեն օրինակ է շատերի համար, ասում է՝ Հայաստան գալը ոգևորել է շատերին: «Մի քանի հոգի տեղափոխվեցին, ասին՝ Արմիկը եթե կարողացավ առանց ամուսնու գալ, մենք էլ փորձենք»,-պատմում է, իսկ հայրենիք վերադառնալու կարևոր նախապայմանը համարում է վճիռ կայացնելը: Ասում է.
«Մարդ առաջին հերթին պիտի համոզված լինի, որ ինչ-որ պիտի անի, նախ իր հայրենիքի համար է, պիտի չբաղդատի, մենք այնտեղ այս բանը չունենք, այստեղ ստանդարտները ուրիշ են, կյանքի պայմաններն ուրիշ են, մի բան կորցնում ես, ուրիշ բան ձեռք ես բերում»:
Կան նաև առավելություններ, որքան էլ շատերի համար զարմանալի է, հիացած է Երևանի բնությունով, ապահովությամբ: «Եթե բաղդատեմ Լիբանանի հետ, այո՛, ավելի ապահով է, իսկ եթե ուրիշ առաջացած երկրների հետ՝ ոչ: Բայց միշտ մտածում եմ, որ այսպես չի մնալու Հայաստանը»,-կարծում է լավատես կինը, ով հաղթահարել է նաև տեղացիների ժխտական կեցվածքի հետևանքները: