image

Սիրիայի պետական դպրոցը Բաշար Ասադի հրամանով անվանակոչվել է սիրիահայ զոհված երիտասարդի անունով

Սիրիայի պետական դպրոցը Բաշար Ասադի հրամանով անվանակոչվել է սիրիահայ զոհված երիտասարդի անունով

«Զավակ չունեցավ, որ իր անունը կրի, այս դպրոցից շատ փոքրիկներ պիտի դուրս գան, որ իր անունը կրեն».

 

Գրիգորին Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում գրեթե բոլորն էին ճանաչում, պատերազմի վտանգավոր օրերին, երբ բոլորը կեսօրից արդեն փակվում էին տներում, Գրիգորը շրջում էր փողոցներում՝ փորձելով օգնություն ցույց տալ կարիքավորներին:

 

«Գրիգորը առավոտյան էր տուն գալիս, այն ժամանակ, երբ դեռ զինվոր չէր: Գործից դուրս էր գալիս, գնում էր, որ զինվորներին նայեր, մի բանի պետքություն ունենային, օգտակար դառնար: Այսպիսին էր Գրիգորը»,-հպարտությամբ Արևելք-ին պատմում է Սիրիական պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Վարուժանի Աշնաքլյանի մայրը՝ տիկին Իոլլա Ղանտուրը:

 

Ընտանիքը հնարավորություն ուներ որդուն հետ պահել ծառայությունից, բայց Գրիգորը հրաժարվել է: Մայրը հիշում է. «Ես ասացի, որ կարող ենք քեզ Սիրիայից դուրս հանենք, քանի որ պատերազմ, է, ասաց՝ ես չգնամ, մյուսը չգնա, այն մյուսը չգնա, այս քաղաքն ո՞վ պիտի պաշտպանի:  Սիրիան իր երկիրն էր համարում, այսպես մեծացավ, իսկ երբ զոհվեց, եկան ինձ ցավակցության, ասացի՝ ես պատիվ եմ զգում, Կոկոն շատ է սիրում քաղաքը, շատ է սիրում մեր նախագահին: Ամեն մարդ գիտի՝ ինչպես Գրիգորը հայ տղա մեծացավ»:

 

Սիրիան սիրելով հանդերձ՝ նա սովորում էր հայկական դպրոցում, անդամակցում Հոմենեթմենին: Ծառայության անցնելուց երկուսուկես ամիս անց նա զոհվեց, իսկ մայրը հիշեց որդու խոսքերը, երբ մինչ զորակոչվելն ասել էր. «Երբ որ զինվոր գնաց, ինձ պատրաստել էր, ասել էր՝ մայրս, չգիտես՝ որևէ ժամի ես նահատակ կդառնամ, որևէ բան չխոսես, չտխրես»:

 

19-ամյա Գրիգորն իր կյանքը նվիրեց Սիրիային՝ չհասցնելով անունը փոխանցել զավակներին, բայց ընտանիքն այդ անունը պահելու այլ հնարավորություն գտավ:

 

«Երկու տարի առաջ մենք նախագահի կնոջ մոտ հանդիպում ունեցանք այլ նահատակների ընտանիքների հետ, ինքը միշտ հարցնում է՝ ի՞նչ եք ցանկանում: Մեր ընտանիքի ուզածը մի բան էր. Գրիգորին անունը: Ցանկություն հայտնեցինք, որ որդուս անունով կամ դպրոց կոչենք, կամ հիվանդանոց»,-պատմում է տիկին Իոլլան:

 

Այս առաջարկությունից երկուսուկես տարի անց ևս մեկ հանդիպման հնարավորություն ստացավ ընտանիքը, կրկին նույն ցանկությունը հայտնեց, այս անգամ Սիրիայի նախագահը հարց ուղղեց նրանց.  «Սիրով ընդունեց և բացատրեց մեզ, որ դադարեցրել է, բացատրեց՝ ինչու: Օրինակ բերեց, որ եթե մի գյուղում երեք դպրոց կա և 7 նահատակ, ո՞ւմ անունով պետք է կոչեն դպրոցը, այս հարցի պատճառով է դադարեցրել: Բայց հետո ասաց՝ քանի որ դուք ինձանից դա եք ուզում, ես պիտի տամ»:

 

Սրան հաջորդեց ուրախալի լուրը, ապա հարցրեցին, թե որ դպրոցն են ցանկանում կոչել տղայի անունով:  «Ես ուզում էի հայկական դպրոցի վրա լիներ իր անունը, բայց ասին՝ ո՛չ, պետական դպրոց պիտի լինի, դրա համար ես ընտրեցի իմ դպրոցը, մեր տան մոտ է, Սուլեյմանիեում: Գրիգորը ժամանակին շատ էր գնում-գալիս այս դպրոցը, հաց էր տանում, ընկերուհի ուներ: Քանի որ Սուլեյմանիեում հայ շատ կա, անունը դյուրին պիտի լիներ արտասանել, դրա համար այդ դպրոցը նշեցի, ու հիմա Հալեպի «Դամասկոս»-ը կոչվում է Նահատակ Գրիգոր Վարուժանի Աշնաքլյանի դպրոց»:

 

Սա մեծ պատիվ է համարում երիտասարդ սիրիահայի ընտանիքը, պատիվ, հոգեկան հանգստություն, որ իրենց որդու անունը կարողացան պահել կրթօջախի միջոցով:

 

«Ես ուզում եմ միշտ իր անունը հիշված մնա, զավակ չունեցավ, որ իր անունը կրի, այս դպրոցից շատ փոքրիկներ պիտի դուրս գան, որ իր անունը կրեն, ուրախ եմ, այսպիսով մենք կարողացանք իր անունը հիշված պահել»,-ասում է սիրիահայ որդեկորույս մայրը:

 

 

 Հարցազրույցը ՝ Վարդուհի Արզումանյանի