Սիրիահայ Սարգիս Ղոլողսայանի կապը Հայաստանի ու հայաստանցիների հետ տասնամյակի պատմություն ունի: 2002թ-ին էր, երբ Սարգիսն առաջին անգամ ոտք դրեց Հայաստան. եկավ, շրջագայեց տարբեր բնակավայրերով ու պատմամշակութային կենտրոններով... Հենց այդ ժամանակ էր, որ Էջմիածնում հանդիպեց կյանքի ուղեկցին ՝ Գայանե Տերտերյանին: Առաջին հայացքից ծնված սերն ամրագրվեց ամուսնությամբ, Աստծո խորանի առաջ տեր և հնազանդ լինելու երդմամբ, ապա և երկու զավակների ծնունդով:
-Զավակներս Հայաստանում ծնվեցին, նրանք այստեղ էին ապրում՝ տատիկի մոտ: Ես ու կինս էլ Հալեպում էինք ապրում, հաճախ գնում-գալիս էինք: Սիրիայի պատերազմը որ սկսվեց, մենք էլ տեղափոխվեցինք Էջմիածին,- ասում է նա:
Հալեպում 10 տարեկանից խառատությամբ զբաղվող Սարգիսը Հայաստանում ստիպված էր ապրուստ վաստակելու այլ միջոցներ գտնել:
-9 տարեկան է, երբ հայրս մահացավ: Քույր ունեի, տատ ունեի, հորաքույր ունեի, մայրս էլ չէր աշխատում: Ստիպված ես պետք է աշխատեի և ծախսերը հոգայի: 9 տարեկանից գնացի վարպետի մոտ, սովորեցի խառատի գործը, որ մի փոքր գումար վաստակեմ, ընտանիքս պահեմ: Հայաստանում խառատությամբ զբաղվելու համար մեծ ներդրումներ պետք է անես, որը ես չէի կարող,- ասում է Սարգիսը:
Էջմիածնում հաստատվելուց հետո Սարգիսը նախ օծանելիքի վաճառքով էր զբաղվում. Սիրիայից ներմուծում էր պատրաստի արտադրանքը և վաճառում: Յուրացնելով օծանելիքի պատրաստման գաղտնիքները՝ այժմ նա ներմուծում է հումքը, տեղում պատրաստում և վաճառում:
-Էջմիածնում մեր խանութն ունենք, որտեղ առավոտյան ժամերին ես եմ աշխատում, երեկոյան ժամերին՝ կինս: Ընտանեկան բիզնես է կարելի է ասել: Գոյատևում ենք, հազիվ օրվա ծախսերն ենք անում: Հատկապես վերջին մեկ տարում գործերը շատ վատացան,- նշում է նա:
Ընտանիքի կարիքները և վարկային պարտավորություննները հոգալու համար Սարգիսը երկրորդ աշխատանք է գտել մայրաքաղաքում. սրճարաններից մեկում մատուցող է աշխատում:
-4 մլն վարկ ունեմ վերցրած, պետք է 3 տարվա ընթացքում փակեմ: Եթե չաշխատեմ, միայն օծանելիքի գործով այդքան վարկը փակել չեմ կարող,- ասում է նա:
Հարցազրույցի ավարտին հարցնում եմ՝ ո՞րն է Ձեր վաճառած օծանելիքի առավելությունը: Սիրիահայ Սարգիսը երկար չի մտածում, իր ապրանքի առավելությունները բոլորից լավ գիտի.
- Որ հիմա ցանեցիր, տուն չես հասնելու. ճանապարհին փախցնելու են,- ասում է նա:
Տաթևիկ Սարգսյան