«2010 թվականի սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագը պատմական իրադարձություն էր հայության կյանքում»,-«Արեւելքին» հայտնեց Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը՝ տեղեկացնելով, երեք տարվա դադարից հետո, առաջիկա սեպտեմբերի 9-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կրկին պատարագ է մատուցվելու: Պատրիարքական փոխանորդը կոչ է անում հայությանը՝ այդ օրը լինել Վանում և ցույց տալ համախմբվածության ուժը: «Երեք տարի հետո պատմական եկեղեցում մենք վերականգնում ենք հայկական պատարագները, և այդ օրը ինչքան շատ հայ մասնակցի արարողությանը, այնքան մենք զորավոր և ինքնավստահ կզգանք»,-ասաց Տ. Արամ արք. Աթեշյանը: Նա տեղեկացրեց, որ հազարավոր մարդիկ արդեն շրջանի հյուրանոցներում համարներ են ամրագրել, նույնիսկ եկեղեցում պսակադրություն անցկացնելու համար սփյուռքահայ մի զույգից դիմում է ստացվել, սպասում են վերջնական հաստատեն այնտեղ պսակադրվելու ցանկությունը, և պատրիարքարանը պատրաստվում է այդ օրը կրկին հայության կյանքում դարձնել հիշարժան:
Եկեղեցին, որ այժմ գործում է որպես թանգարան, օրական հարյուրավոր այցելուներ է ունենում, որոնք այնտեղ տեսնում են նաև պահպանված հայկական խորանը, որը, ըստ պատրիարքական փոխանորդի, այլևս գործելու է:
«Աղթամարի Սուրբ Խաչը միայն Պոլսո կամ Թուրքիայի հայությանը չի պատկանում, այն ամբողջ հայության համար հոգևոր, պատմական, մշակութային մեծ նշանակություն ունի, և լավ կլինի, որ պատարագներին մասնակցելու համար աշխարհի բոլոր կողմերից, նաև Հայաստանից հայեր ժամանեն այնտեղ»,-նշեց Արամ արք. Աթեշյանը, ավելացնելով, որ տարածքում այլևս վտանգներ չկան:
Նշենք, որ 2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ էր մատուցվում, սակայն երեք տարի է՝ շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի բախումների պատճառով պատարագները դադարել էին: Հայկական եկեղեցին համարվում է Վանի մշակութային ժառանգության ամենակարևոր պատմական կառույցը և մեծ նշանակություն ունի ոչ միայն հայության, այլև ողջ աշխարհի համար, աշխատանքներ են տարվում այն ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու ուղղությամբ:
Աղթամարի Սուրբ Խաչը կառուցել է հայ ճարտարապետ Մանվելը՝ 915-921 թվականներին: 1113 թվականին այն դարձել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Աղթամարյան կաթողիկոսարանի կենտրոն:
