Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ), այս մասին Tert.am-ին հաղորդեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Քննիչը գործը վարույթ կընդունի, կուսումնասիրի նյութերը և կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»,-ասաց Տռուզյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ իրարանցում սկսվեց, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագան և ապակյա տարաները բացեցին՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանում էին, որ նման գարշահոտություն են շնչում ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: