Պոլսահայ համայնքը խորը սգի մեջ է՝ երիտասարդ ատամնաբույժ Նարոտ Ալջանի անժամանակ ու ողբերգական մահվան պատճառով։ Նա համայնքային հայտնի գործիչ, ճանաչված պրոֆեսոր Թորոս Ալջանի եղբոր դուստրն է։
Նարոտ Ալջանը կյանքից հեռացել է Կանադայի Տորոնտո քաղաքում՝ դժբախտ պատահարի հետևանքով, ուր տեղափոխվել էր նոր կյանք սկսելու հույսերով ու երազանքներով։ Նրա անսպասելի կորուստը ցնցել է Ալջան ընտանիքին, հարազատներին և «Ալիանո» ատամնաբուժական կենտրոնի անձնակազմին, որի անդամն էր Նարոտը՝ նախքան Կանադա մեկնելը։ Ընտանիքի կամքը հարգելով՝ դեպքի մանրամասները կամ բժշկական պատճառները չեն հանրայնացվել։
Այսօր՝ հուլիսի 11-ին, Գումգափուի Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր եկեղեցում տեղի է ունեցել երիտասարդ հայուհու հուղարկավորության կարգը, համայնքի անդամները, կրթական ու մշակութային կառույցների ներկայացուցիչները իրենց վերջին հարգանքի տուրքն են մատուցել նրա հիշատակին։ Սոցիալական ցանցերի պոլսահայ հարթակները ողողված են վշտակցական գրառումներով, որոնցով մարդիկ փորձում են սփոփանքի խոսքեր ուղղել պրոֆ. Թորոս Ալջանին և նրա ընտանիքին։

Նարոտ Ալջանը ծնվել է 1995 թվականին Ստամբուլում։
Նախնական կրթությունը ստացել է Եշիլգյուղի հայոց վարժարանում, որից հետո բարձր առաջադիմությամբ ընդունվել և ավարտել է Կեդրոնական վարժարանը։
Որպես ապագա ասպարեզ ընտրելով ատամնաբուժությունը՝ նա բարձրագույն ուսումը շարունակել է «Եդիթեփե» (Yeditepe) համալսարանում, որի ատամնաբուժական ֆակուլտետը հաջողությամբ ավարտել է 2018-2019 ուսումնական տարում։
Մասնագիտական հաջողություններից զատ, Նարոտն աչքի էր ընկնում բազմակողմանի հետաքրքրություններով․ սիրում էր ձիավարություն, զբաղվում էր պարով և որպես սիրողական դերասան՝ թատրոնով։

