Կյանքից հեռացել է Ասիայի հայ համայնքի կարկառուն և նվիրյալ անդամներից մեկը՝ Հոնկոնգում բնակվող Հակոբ (Ջեք) Մաքսյանը։ Նա իր ամբողջ կյանքը նվիրել էր Ասիայում, և հատկապես Հոնկոնգում, հայապահպանման գործին ու տեղի հայ համայնքին աջակցելուն։
Այս տխուր առիթով հրապարակվել է հրաժեշտի խոսք, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեծ վշտով հայտնում ենք Ասիայում մեր ամենատարեց ու երկարամյա անդամներից մեկի՝ Հոնկոնգում բնակվող հարգարժան ընկերոջ, սիրելի ամուսնու, Մելգոնյան վարժարանի սանի, մեծ հայրենասերի ու հայ եկեղեցու և համայնքի բարերար Հակոբ Մաքսյանի (հայտնի որպես Ջեք Մաքս) մահվան մասին։
Ծնված լինելով 1941 թվականի հունվարի 2-ին Սիրիայի Հոմս քաղաքում՝ Ջեքի ընտանիքը վաղ տարիքում տեղափոխվել է Բեյրութ, որտեղից էլ նա մեկնել է Կիպրոսի Նիկոսիա քաղաք՝ ուսանելու Մելգոնյան կրթական հաստատությունում։
Վարժարանն ավարտելուց հետո նա լծվել է առևտրային գործունեության, ինչն էլ նրան բերել է Ասիա՝ մասնավորապես Հոնկոնգ, որտեղ նա հիմնել է իր բիզնես կայսրությունը։ Սակայն նա երբեք չի մոռացել իր համայնքը, ընկերներին, ընտանիքը, եկեղեցին ու հայրենիքը, և հատկապես՝ Մելգոնյան կրթական հաստատությունը, որտեղ ստացել էր իր նախնական գիտելիքներն ու ձեռք բերել ցմահ ընկերներ։
Նա բացառիկ ակտիվություն է ցուցաբերել Ասիայի հայ համայնքում. Հոնկոնգում կառուցել է մատուռ, ինչպես նաև հայերի հավաքատեղի հանդիսացող «Հայ Տունը», որտեղ Ասիայում բնակվող կամ այնտեղով անցնող բոլոր հայերը կարող էին կանգ առնել և վայելել նրա ջերմ հյուրընկալությունը։
Ջեքն ամուսնացած էր Ջուլի Մաքսի հետ, ով ողջ կյանքում եղել է նրա կողքին։ Լինելով չինական ծագմամբ, բայց հոգով հայ՝ տիկին Ջուլին երբեք չի խնայել իր էներգիան՝ սատարելու ամուսնու բոլոր ձեռնարկումները։
Հակոբ Մաքսյանի հիշատակը սգում են նրա սիրելի կինը՝ Ջուլին, Հոնկոնգում բնակվող եղբայրը՝ Ներսեսը՝ ընտանիքով, Ավստրալիայում բնակվող քույրը՝ Մարոն, և Լոս Անջելեսում բնակվող մյուս քույրը՝ Աշխենը՝ ընտանիքով։
Մենք կորցրինք մեծ հայորդու, բայց նրա թողած ժառանգությունը կշարունակի ապրել իր ժողովրդի և համայնքի համար կատարած բարեգործական անխոնջ աշխատանքի շնորհիվ։
Խորին ցավակցություններով՝
Արտո և Սիրին Արթինյաններ (Բանգկոկ, Թաիլանդ)»։
