image

«Երբեք զինվորի խոսքի մասին չի իմանա սպան և՝ հակառակը». Մանվել սարկավագը՝ բանակում ծառայության մասին

«Երբեք զինվորի խոսքի մասին չի իմանա սպան և՝ հակառակը». Մանվել սարկավագը՝ բանակում ծառայության մասին

Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալով պարգևատրվողների շարքում էր նաև Մանվել սրկ. Սարգսյանը: Նա արդեն մեկ տարի է` որպես գնդերեց իր ծառայությունն է անցկացնում ՀՀ ՊՆ N զորամասում:

Մեկ տարվա հոգևոր ծառայության ընթացքում Մանվել սարկավագը հասցրել է ընկերանալ թե՛ սպաների, թե՛ ժամկետային զինծառայողների հետ:

Որպես գնդերեց, բացի զինվորների հետ անցկացվելիք ընդհանրական աղոթքներից, ժամերգություններից, հոգևոր բնույթի զրույցներից ու դասախոսություններից, այս ընթացքում նա կազմակերպել է բազմաթիվ ուխտագնացություններ, որոնց շնորհիվ զինծառայողները ծանոթացել և հաղորդակից են դարձել հայոց աշխարհի սրբատեղիներին:

Անցնող մեկ տարվա ընթացքում սփյուռքից եկած և հայերենին չտիրապետող զինվորների համար կազմակերպել է մայրենիի ուսուցման դասընթացներ և այսօր վստահեցնում է, որ զորամասում չկա  մեկը, որ չտիրապետի հայերենին:

«Այս ընթացքում տասնյակ զինվորների ենք մկրտել պատմական Դադիվանքում, հերթական մկրտությունը տեղի կունենա առաջիկա օրերին:

Անչափ խորհրդավոր և իմաստալից է հատկապես զինվորների մկրտությունը: Նրանք իրենց որպես կնքահայր են ընտրում ծառայակից ընկերներից կամ վերադաս սպաներից մեկին:

Մկրտությունից հետո նրանց զինվորական ընկերությունը վերածվում է ընտանեկան բարեկամության:

Այդ ժամանակ արդեն առավել ընգծվում է կնքահայր-սանիկ հարաբերությունները` համեմված ծառայողական դժվարություններով, միմյանց հանդեպ սրտացավությամբ և հոգատարությամբ»,- «Արեւելքի» հետ զրույցում ասում է Մանվել սարկավագ Սարգսյանը, ավելացնելով, որ նորակոչիկների հետ առաջին հանդիպումից հետո ունեցած ճանաչողական զրույցը վերածվում է պարբերական հանդիպումների:


 

Զինվորները հոգևորականի հետ զրուցում են ամենատարբեր հարցերի շուրջ.

«Հետաքրքիր է ամեն մի զինվորի ընկալումը հոգևորականի հանդեպ:

Մեկը կարող է իր անձնական, ընտանեկան կյանքով կիսվել, մյուսը` ծառայության դժվարությունների, իսկ երրորդը` պարզապես կարող է մոտենալ և ուղղակի Աստծուց և քրիստոնեությունից զրուցել:

Ինձ համար առավել կարևոր է զինվորներին ուրախ տեսնելը: Երբ դիմավորում են ժպիտներով, անհնար է նրանց վարակիչ ժպիտներին ջերմ ողջույններով չպատասխանելը:

Նույն կերպ է նաև սպաների հետ: Բայց թե՛ զինվորները, թե՛ սպաներն ինձ մոտ ազատ են իրենց զրույցներում, քանի որ լավ գիտեն, որ երբեք զինվորի խոսքի մասին չի իմանա սպան և՝ ճիշտ հակառակը: Հաճախ նման զրույցներն ուղեկցվում են օգտակար խորհուրդներով»,- որպես գաղտնիք փոխանցում է նա:

 

 


 

Մեր զրույցի ընթացքում գնդերեց Սարգսյանը նաև ասում է, որ հաճախ են զանգահարում զինվորների ծնողները  և շնորհակալություն հայտնում իրենց զավակներին այս կամ այն հարցում օգնելու համար: «Բայց դա մեզ` հոգևորականներիս համար ավելի շատ պարտականություն է, քրիստոնեական պատգամ` ավանդված Հիսուս Քրիստոսից»,- ասում է իր ծառայությունը հայոց բանակում անցկացնող հոգևորականը: