«Մեր ազգը միշտ հայրենասեր է եղել, կրիտիկական պահերին համախմբվող, ինչն էլ եղավ Ապրիլյան քառօրյայի ժամանակ: Սոցիալական ծանր պայմաններում, թվում էր, թե նման բան չի լինի, սակայն ժողովուրդը մի մարդու պես ոտքի կանգնեց»,- «Արևելքի» հետ զրույցում նշեց արձակագիր Լևոն Ջավախյանը՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում մենք զորեղ ենք այնպես, ինչպես Սարդարապատում:
Արձակագրի խոսքով՝ Ապրիլյան պատերազմը մեզ համար որոշ չափով դաս եղավ, քանի որ զգացվեց, որ բանակում ունեցել ենք տեխնիկայի հետ կապված խնդիրներ, սպառազինությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չի եղել, և ի վերջո հայ զինվորին Ադրբեջանն իր հարձակմամբ հանկարծակիի է բերել: «Բայց այն, ինչը ես ակնկալում էի, չեղավ. մեղավորները չպատժվեցին, բացերի ու թերությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվողներ չեղան, ինչը շատ վատ է»:
Խոսելով պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Ջավախյանն այն կարծիքն հայտնեց, որ հարկավոր է խուսափել այնպիսի հռետորաբանությունից, թե մեր զորքը տվյալ տարածաշրջանում ամենազորեղն ու անպարտն է, մենք ամենաուժեղն ենք և այլն: «Եթե հանկարծ պատերազմ լինի, ապա այս պատերազմը և՛ մեզ, և՛ հակառակորդ կողմի համար լինելու է նույնքան պարտվողական: Նման գործողություններից առաջ պետք է աշխատի զգոնությունն ու խոհեմությունը, քանի որ երկու կողմն էլ այնպիսի զենքեր ունեն, որոնք կարող են սպառնալ երկու երկրների գոյությանը»: Ըստ մեր զրուցակցի՝ հարկ է, որ երկու կողմերում էլ հաղթանակի խոհեմությունը, հատկապես Ադրբեջանի պարագայում, որը անգամ եվրոպական երկրների հորդորներին ու կոչերին չի ենթարկվում: Ջավախյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը պետք է իմանա, որ այս ամենից հաղթանակ չի առաջանա, ամենաճիշտ տարբերակը սառը գլխով բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, ոչ թե՝ տաք գլխով սուր ճոճելը:
«Եթե պատերազմ լինի, չենք հաղթի ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը, ինչքան էլ մեր ղեկավարները փորձեն հանգստացնել մեր ժողովրդին: Եվ սրա պատճառը հետևյալն է՝մասսայական զենքի կիրառման դեպքում երկու երկրներն էլ կվերանան»:
Մեր զրուցակիցն այն կարծիքը հայտնեց, որ մեր արտաքին քաղաքականությունը որոշ քայլեր ձեռնարկում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, իսկ ընդդիմադիր ուժերը ոչինչ չեն ավելացնում իշխանությունների գործողություններին: «Ինչքան էլ խոսվի խաղաղության, հաշտության պայմանագրի մասին, այն անարդյունք է, քանի դեռ խաղաղության հասնելու գործընթացը երկկողմանի բնույթ չունի: Մենք պետք է մեր անվտանգության երաշխիքները կամովի չզիջենք: Հողը միայն արյունով են վերցնում, իսկ արյունով վերցրած հողը հանձնե՞նք թշնամուն»,-տարակուսեց մեր զրուցակիցը: