Ստամբուլի Բիլգի համալսարանի նոր նշանակված կառավարությունը (հոգաբարձուների խորհուրդը) աշխատանքից ազատել է Պատմության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր, դոկտոր Բյուլենթ Բիլմեզին, որ բուհում աշխատում էր արդեն 21 տարի։
Պրոֆեսոր Բիլմեզը, ով երկար տարիներ հետազոտություններ է անցկացրել քրդերի, ալևիների, լեզվական իրավունքների և փոքրամասնությունների թեմաներով, տեղի ունեցածը որակել է որպես բացահայտ հարձակում ակադեմիական ազատությունների դեմ և հայտարարել է, որ պատրաստվում է դատական կարգով պայքարել այդ որոշման դեմ։
Հատկանշական է, որ սույն թվականի մայիսին համալսարանը Նախագահ Էրդողանի հրամանագրով երեք օրով փակվել էր, սակայն ուսանողների վճռական դիմադրության շնորհիվ վերաբացվել էր։ Այժմ բուհի կառավարումը ստանձնած նոր ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել հայտնի պատմաբանի պաշտոնավարումը։
Պրոֆեսոր Բյուլենթ Բիլմեզն իր սոցիալական մեդիայի էջերում արված հրապարակմամբ խիստ արձագանքել է առանց որևէ ակադեմիական պատճառաբանության իրեն աշխատանքից հեռացնելու որոշմանը։ Նա նշել է, որ 2026 թվականի հուլիսի 3-ին իրեն հանձնված պաշտոնական ծանուցմամբ իր գործունեությունը դադարեցվել է, և կիսամյակը դեռ չավարտված՝ ընդհատվել են իր դասախոսությունները, թեզերի ղեկավարումն ու վարչական պարտականությունները։ Ըստ գիտնականի՝ չնայած ակադեմիական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ իր աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չկա, իրեն այդպես էլ որևէ ողջամիտ ու հետևողական հիմնավորում չի ներկայացվել։
Պրոֆեսորը վստահ է, որ որոշումն ունի քաղաքական ենթատեքստ և անմիջականորեն կապված է իր գիտական գործունեության, հատկապես՝ այս տարի լույս տեսած Դերսիմի ջարդերի մասին իր գրքի ու հարցազրույցների հետ։ Նա շեշտել է, որ գիտնականին իր հետազոտական թեմայի պատճառով թիրախավորելը բացահայտ միջամտություն է ակադեմիական ազատությանը, և որոշումը որակել է ապօրինի, հակաէթիկական ու քաղաքական՝ հավելելով, որ փաստաբանների հետ միասին սկսում է իրավական գործընթաց։
Բյուլենթ Բիլմեզը բարձրագույն կրթությունն ստացել է Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) Տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ դոկտորական աստիճանը՝ Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։ Որպես դասախոս և հետազոտող նա աշխատել է Գերմանիայի, Ալբանիայի, Կոսովոյի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի տարբեր համալսարաններում, իսկ 2005 թվականից հանդիսանում էր Ստամբուլի Բիլգի համալսարանի Պատմության ամբիոնի դասախոս։ Բիլմեզը նաև հանդիսանում է «Պատմության հիմնադրամի» (Tarih Vakfı) հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխատել է որպես խորհրդական Ստամբուլի քաղաքապետարանում, ակտիվորեն պայքարում է մայրենի լեզվի իրավունքների պաշտպանության համար և լեզվական իրավունքների հարթակի (DHİBRA) հիմնադիրներից է։ Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների և արժեքավոր գրքերի, այդ թվում՝ «Չեսթերի նախագիծը (1908-1923)», «Դերսիմ '38-ը հիշողություններում», «Լեզվական իրավունքները և լեզվական բազմակարծությունը Թուրքիայում» և երկհատորյա «Օսմանյան-թուրքական ժողովրդավարության պատմությունը» աշխատությունների։
Աղբյուրներ՝ BirGün, bianet