image
Հրատապ լուրեր:

Մարտիրոս Սարյանը նկարել է համաշխարհային գրականության դասական Ստայնբեքի դիմանկարը, երբ գրողն այցելել է Հայաստան. լուսանկար

Մարտիրոս Սարյանը նկարել է համաշխարհային գրականության դասական Ստայնբեքի դիմանկարը, երբ գրողն այցելել է Հայաստան. լուսանկար

«Զանգակ» գրատանը տեղի է ունեցել համաշխարհային գրականության մեծերից մեկի՝ ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գրքի շնորհանդեսը, որը թարգմանել է Արամ Արսենյանը, հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: 

«Ցասման ողկույզները» համարվում է Ստայնբեքի ամենածավալուն վեպը,  որի համար հիմք է հանդիսացել ԱՄՆ-ում 1930-ական թվականներին հասարակական, տնտեսական կտրուկ անկումը։  Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆոռնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները: «Ցասման ողկույզները» վեպը գրվել է 1939-ին` արժանանալով Ազգային գրքի և Պուլիցերյան մրցանակների:  Վեպի հեղինակ  Ստայնբեքը 1963 թվականին այցելել է Խորհրդային Միություն, եղել է նաև Հայաստանում: Նրան իր տանը հյուրընկալել է Հովհաննես Շիրազը, իսկ Մարտիրոս Սարյանն իր արվեստանոցում նկարել է մեծ գրողի դիմանկարը:

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա է եղել  նաև Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ արվեստաբան Սոֆի Սարյանը, որ մանրամասներ է ներկայացրել այդ հանդիպման մասին: Նա նշել է, որ Մարտիրոս Սարյանը ամերիկացի գրողի դիմանկարը նկարելու ժամանակ ասել է. «Քո շրթունքների ծայրերին թեթև հումոր կա, և ես կնկարեմ այդ հումորը, այո՛, այո՛, կնկարեմ, այսպես, այս գույնով կնկարեմ...

Դու մեծ գրող ես, Ջո՛ն, և քո աչքերը խորն են տեսնում, ես էլ քո աչքերը կնկարեմ, ուղղակի վրձինը կթաթախեմ կապույտի մեջ, որ երկնքի խորությունն ունի...»:

Իսկ Ջոն Ստայնբեգը Մարտիրոս Սարյանի մասին ասել է. «Այս փոքրամարմին ծերուկը աշխարհի ամենահսկա մարդկանցից մեկն է, նրա աջ ձեռքը ամենախոր ու ամենաճիշտ տեսնող աչքն է աշխարհում»:

Պահպանվել է նաև լուսանկար, որում երևում է Սարյանը՝ Ստայնբեգին նկարելու պահին: Դե, իսկ Վարպետի վրձնով նկարված ամերիկացի գրողի դիմանկարը համարվում է Սարյանի դիմանկարային արվեստի պատմական գործերից մեկը: