Պաքուի բանտին մէջ անօրինաբար պահուող Ռուբէն Վարդանեան նախքան դատավարութիւնը իր ընտանիքին հետ ունեցած հեռաձայնային զրոյցին ընթացքին փոխանցած է ուղերձ մը՝ խնդրելով զայն հրապարակել, կը տեղեկացնէ Ռուբէն Վարդանեանին գրասենեակը:
Վարդանեանի վերոնշեալ ուղերձին մէջ կ՛ըսուի հետեւեալը.
«16 յունուարի, 2025թ.
Ցանկանում եմ դիմել միջազգային հանրութեանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամէնի նկատմամբ, ինչ կատարւում է մեր տարածաշրջանում եւ երկարատեւ ու իրական խաղաղութիւն են ուզում:
«Ես՝ Ռուբէն Վարդանեանս, 2023 թ. Սեպտեմբերի 27ից արդէն աւելի քան 470 օր գտնւում եմ Ադրբեջանի Հանրապետութեան պետական անվտանգութեան ծառայութեան մեկուսարանում: Այդ օրերից 340ը ես անցկացրել եմ մենախցում, 23ը՝ պատժախցում: Դատավարութիւնից առաջ ցանկանում եմ հետեւեալ յայտարարութիւնը փոխանցել. եթէ դուք կարդում էք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարուողի մասին ճշմարտութիւնը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:
Յունուարի 17ին, ժամը 15:00ին նշանակուած է իմ գործով դատական նիստը: Ինձ ասուել է, որ ինձ առաջադրուած է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսւում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:
Բայց մինչեւ հիմա ինձ հնարաւորութիւն չի տրուել ծանօթանալու պաշտօնական մեղադրական եզրակացութեանը: Ինձ եւ իմ փաստաբանին ընդամէնը թոյլ են տուել թերթել 422 հատորանոց քրէական գործը ադրբեջաներէնով, որին ես չեմ տիրապետում, եւ դրա համար յատկացուել է բաւականին կարճ ժամանակահատուած՝ 2024թ. Դեկտեմբերի 9ից մինչեւ 2025 թ. Յունուարի 8ը:
Յօդուածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրուած, ռուսերէնով ես ստացել եմ միայն 2025թ. Յունուարի 8ին:
Միեւնոյն ժամանակ ճնշում է գործադրուել իմ, իմ փաստաբանի եւ թարգմանչի վրայ, որպէսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր յետին թուով, այդ թւում՝ չկայացած հարցաքննութիւնների կեղծ արձանագրութիւններ:
Պաշտօնապէս յայտարարում եմ հետեւեալը. Իմ ձերբակալման առաջին օրուանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տուել, բացառութեամբ առաջին հարցաքննութեան, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եւս մէկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրութեամբ բոլոր արձանագրութիւնները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյութիւն չունեն: Իմ փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են իրենց ստորագրութիւնները դնել այդ փաստաթղթերի տակ:
Ես նորից եմ յայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղութեան, իմ հայրենակիցների անմեղութեան մասին եւ պահանջում եմ անյապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացուած գործը:
Չնայած մեր անմեղութեանը եւ գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հաւանական է, որ մեղադրողները կ՛անտեսեն իմ յայտարարութիւնը եւ կը սկսեն դատավարութիւնը: Այս պարագայում ես խնդրում եւ պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետեւեալ պահանջներին՝
1. Ինձ ու իմ փաստաբանին հնարաւորութիւն տալ լիարժէք պատրաստուել պաշտպանութեան: Մասնաւորապէս, մեզ ժամանակ եւ հնարաւորութիւն տալ ուշադիր ծանօթանալ գործի նիւթերին ռուսերէնով:
2. Վերացնել թոյլ տրուած խախտումներն ու կեղծիքները: Մասնաւորապէս, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննութիւնների արձանագրութիւնները, որոնք երբեք չեն անցկացուել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տուել իմ ձերբակալման օրուանից ի վեր:
3. Իմ եւ միւս բոլոր մեղադրեալների նկատմամբ դատավարութիւնն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առաւելագոյնս բաց դատաքննութիւն՝ միջազգային լրատուամիջոցների եւ հումանիտար (մարդասիրական) կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ:
4. Միաւորել իմ գործը միւս մեղադրեալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի աւելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ (վիպաշարի դրուագներ) են: Դրանից միայն 6ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրուած կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական եւ անհիմն որոշում է:
Ո՛չ չարութիւն, ո՛չ ատելութիւն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծօրէն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրէնք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատուիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղութիւնը հնարաւոր կը լինի միայն այն ժամանակ, երբ հակամարտութիւնում ներգրաւուած երկրների առաջնորդները, իրենց հասարակութիւնների հաւանութեամբ, կը կարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:
Ես խոստանում եմ անել ամէն հնարաւորը, որ դա տեղի ունենայ իմ կենդանութեան օրօք: Ինչպէս ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնութեան, ճշմարտութեան եւ սիրոյ սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղութեան բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գոյնից, ազգութիւնից կամ դաւանանքից:
Շնորհակալ եմ բոլորին աջակցութեան համար: Բոլորին սիրում եմ եւ երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:
Իմացէք, որ ես ամուր եմ, դիմանում եմ եւ հաւատում եմ, որ ճշմարտութիւնը յաղթելու է:
Ռուբէն Վարդանեան»։
Յիշեցնենք, որ յունուար 17-ին, ժամը 15:00-ին Պաքուի դատարանին մէջ տեղի պիտի ունենայ Ռուբէն Վարդանեանի գործով դատական նիստը: