image

Ազգային Ժողովը «Քուչա» կամ «պազար» չէ. Ընդդիմութեան ուղղուած ձիգ սլաքներ Ռուբէն Ռուբինեանէն

Ազգային  Ժողովը «Քուչա» կամ «պազար» չէ.  Ընդդիմութեան ուղղուած ձիգ սլաքներ Ռուբէն Ռուբինեանէն

Սա «քուչա» չէ, «բազար» չէ, ինքը հայ է, չեմ ուզեր զինք ատել, ձեզ ալ չենք ատեր, մի սարքէք զէրոյական խաղ։ Այս մասին Ազգային Ժողովէն ներս ըսած է Ազգային Ժողովի նախագահ Ռուբէն Ռուբինեանը՝ դիմելով ընդդիմադիրներուն։

«Հարկ եմ համարում նորից խօսել ռադիկալացման մասին, որովհետեւ կարծում եմ դա շատ կարեւոր է մեր հանրութեան համար։ Ուզում եմ ներողութիւն խնդրել մեր ժողովրդից, որ իրենք արդէն 10 օր է լսում են խօսակցութիւններ մարդկանց մասին, բայց ուզում եմ բացատրել, թէ ինչու է այդպէս, որովհետեւ մենք քննարկում ենք մարդկանց, ընտրում ենք թեկնածուների, բայց զինուէք համբերութեամբ, քիչ մնաց։ Ուզում եմ խօսել նրա մասին, թէ ինչպէս է ատելութեան խօսքը տարածւում, կամ ռադիկալիզացիան ինչպէս է պրոգրես ապրում։ Լրագրողները սպասում են, թէ երբ է ծեծկռտուքը սկսելու, երբ է մարդամէկը դառնալու բոքսի տանձիկ, որ իրենք էլ ահասարսուռ վերնագրերով գրեն՝ «Ազգային ժողովում նորից ծեծկռտուք է, նորից վիրաւորում են իրար»։

Ընդդիմադիր լրատուամիջոցները համ գրում են, որ այս ԱԺ–ն բազարի տեղ է, սաղ օրը իրար հայհոյում են, բայց միեւնոյն ժամանակ էլ, եթէ մի անգամ ընդդիմադիր խմբակցութեան ղեկավարը ասի այո, սրիկա ասելը սխալ էր, կ՚ասեն՝ ո՞նց թէ, դուք կեղծ ընդդիմութիւն էք, կամքից զուրկ էք։ Բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց ընտրողների ցանկութիւնները, բայց ներողութիւն խնդրելը վիրաւորանքի համար ամենեւին թուլութիւն չէ, հակառակը, դա գիտակցում է, որ միմեանց հանդէպ ռադիկալիզացիայի շղթան պէտք է կոտրել։ Պարոն Վարդեւանեանը ամենեւին իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահը չի, իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահները Ալեքսանեանն ու Կոնջորեանն են, բայց ես ընտրել եմ Վարդեւանեանին, որովհետեւ հասկանում եմ, որ նոյնիսկ, եթէ ինքը իմ երազանքների Ազգային ժողովի փոխնախագահը չէ, այդ տեղը տրուած է ընդդիմութեանը, ես չեմ ուզում, որ սա զրոյական խաղ լինի։

Դուք մեզ վիրաւորել էք, որեւէ թուլութիւն չկայ ասելու մէջ՝ ժողովուրդ ջան, կը ներէք, այդքան բան, դա ձեզ չի դարձնում կեղծ ընդդիմութիւն կամ կամքից զուրկ քաղաքական ուժ, հակառակը, դա ցոյց է տալիս ձեր կամքը։ Մենք պէտք է մարդկանց ցոյց տանք, որ նորմալ չէ իրար ատելը։ Սա քուչա չէ, սա բազար չէ, սա պատերազմ չէ, ինքը ամէն դէպքում հայ է, գուցէ դաստիարակութեան պակաս ունեցող հայ է, բայց հայ է, ես չեմ ուզում իրեն ատեմ, ձեզ էլ բացարձակ չեմ ատում, ձեզնից ոչ մէկին ես չեմ ատում, մենք ձեզ չենք ատում, բայց մի արէք այնպէս, որ այս ամէն ինչը դառնայ զրոյական խաղ»,– նշած է Ռուբինեանը։