image

Ռուբէն Վարդանեան. «Ես ոչ մէկ ցուցմունք տուած եմ»

Ռուբէն Վարդանեան. «Ես ոչ մէկ ցուցմունք տուած եմ»

Պաքուի բանտին մէջ անօրինաբար պահուող Ռուբէն Վարդանեան նախքան դատավարութիւնը իր ընտանիքին հետ ունեցած հեռաձայնային զրոյցին ընթացքին փոխանցած է ուղերձ մը՝ խնդրելով զայն հրապարակել, կը տեղեկացնէ Ռուբէն Վարդանեանին գրասենեակը:

Վարդանեանի վերոնշեալ ուղերձին մէջ կ՛ըսուի հետեւեալը.

«16 յունուարի, 2025թ.

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրութեանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամէնի նկատմամբ, ինչ կատարւում է մեր տարածաշրջանում եւ երկարատեւ ու իրական խաղաղութիւն են ուզում:

«Ես՝ Ռուբէն Վարդանեանս, 2023 թ. Սեպտեմբերի 27ից արդէն աւելի քան 470 օր գտնւում եմ Ադրբեջանի Հանրապետութեան պետական անվտանգութեան ծառայութեան մեկուսարանում: Այդ օրերից 340ը ես անցկացրել եմ մենախցում,  23ը՝ պատժախցում: Դատավարութիւնից առաջ ցանկանում եմ հետեւեալ յայտարարութիւնը փոխանցել. եթէ դուք կարդում էք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարուողի մասին ճշմարտութիւնը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:

Յունուարի 17ին, ժամը 15:00ին նշանակուած է իմ գործով դատական նիստը: Ինձ ասուել է, որ ինձ առաջադրուած է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսւում է ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում:

Բայց մինչեւ հիմա ինձ հնարաւորութիւն չի տրուել ծանօթանալու պաշտօնական մեղադրական եզրակացութեանը: Ինձ եւ իմ փաստաբանին ընդամէնը թոյլ են տուել թերթել 422 հատորանոց քրէական գործը ադրբեջաներէնով, որին ես չեմ տիրապետում, եւ դրա համար յատկացուել է  բաւականին կարճ ժամանակահատուած՝ 2024թ. Դեկտեմբերի 9ից մինչեւ 2025 թ. Յունուարի 8ը:

Յօդուածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրուած,  ռուսերէնով ես ստացել եմ միայն 2025թ. Յունուարի 8ին:

Միեւնոյն ժամանակ ճնշում է գործադրուել իմ, իմ փաստաբանի եւ թարգմանչի վրայ, որպէսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր յետին թուով, այդ թւում՝ չկայացած հարցաքննութիւնների կեղծ արձանագրութիւններ:

Պաշտօնապէս յայտարարում եմ հետեւեալը. Իմ ձերբակալման առաջին օրուանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տուել, բացառութեամբ առաջին հարցաքննութեան, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եւս մէկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրութեամբ բոլոր արձանագրութիւնները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյութիւն չունեն: Իմ փաստաբանին եւ թարգմանչին ստիպել են իրենց ստորագրութիւնները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ յայտարարում ու պնդում  իմ բացարձակ անմեղութեան, իմ հայրենակիցների անմեղութեան մասին եւ պահանջում եմ անյապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացուած գործը:

Չնայած մեր անմեղութեանը եւ գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հաւանական է, որ մեղադրողները կ՛անտեսեն իմ յայտարարութիւնը եւ  կը սկսեն դատավարութիւնը:  Այս պարագայում  ես խնդրում եւ պահանջում եմ ձեզնից  աջակցել իմ հետեւեալ պահանջներին՝

1. Ինձ ու իմ փաստաբանին հնարաւորութիւն տալ լիարժէք պատրաստուել պաշտպանութեան: Մասնաւորապէս, մեզ ժամանակ եւ հնարաւորութիւն տալ ուշադիր ծանօթանալ գործի նիւթերին ռուսերէնով:

2. Վերացնել թոյլ տրուած խախտումներն ու կեղծիքները:  Մասնաւորապէս, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննութիւնների արձանագրութիւնները, որոնք երբեք չեն անցկացուել,  քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տուել իմ ձերբակալման օրուանից ի վեր:

3. Իմ եւ միւս բոլոր մեղադրեալների նկատմամբ դատավարութիւնն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առաւելագոյնս բաց դատաքննութիւն՝ միջազգային լրատուամիջոցների եւ հումանիտար (մարդասիրական) կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ: 

4. Միաւորել իմ գործը միւս մեղադրեալների գործերի հետ:  Իմ՝ 422  հատորանոց գործի աւելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ (վիպաշարի դրուագներ) են:  Դրանից միայն 6ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրուած կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական եւ անհիմն որոշում է:

Ո՛չ չարութիւն, ո՛չ ատելութիւն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծօրէն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրէնք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատուիրաններ են խախտում: 

Ես վստահ եմ, որ իրական խաղաղութիւնը հնարաւոր կը լինի միայն այն  ժամանակ, երբ հակամարտութիւնում ներգրաւուած երկրների առաջնորդները, իրենց հասարակութիւնների հաւանութեամբ,  կը կարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին: 

Ես խոստանում եմ անել ամէն հնարաւորը, որ դա տեղի ունենայ իմ կենդանութեան օրօք: Ինչպէս ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնութեան, ճշմարտութեան եւ սիրոյ սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղութեան բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գոյնից, ազգութիւնից  կամ դաւանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցութեան համար: Բոլորին սիրում եմ եւ երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացէք, որ ես ամուր եմ, դիմանում եմ եւ հաւատում եմ, որ ճշմարտութիւնը յաղթելու է:

Ռուբէն Վարդանեան»։

Յիշեցնենք, որ յունուար 17-ին, ժամը 15:00-ին Պաքուի դատարանին մէջ տեղի պիտի ունենայ Ռուբէն Վարդանեանի գործով դատական նիստը: