image

Հայրենդարձ սերնդի պատմագիրը. Ստեփան Ալաջաջյան

Հայրենդարձ սերնդի պատմագիրը. Ստեփան Ալաջաջյան

 

Ձեզ համար գրեցի այս բոլորը և Ձեր անունից, որպեսզի փոխանցուի սերունդներին, որ պիտի գան, պիտի ապրեն իբրեւ հայ, ազգային գիտակցութեամբ, ազգային արժանապատութեամբ, իբրև գրասէր մարդ և քաղաքացի: Ազգասիրութիւնը այն բարձրագոյն զգացմունքն է, որ պատմական արմատներ ունի, սնունդ է առնում արեան բջիջներից և իր աւիշով ազգակիցներին մղում է ազգային շահերի պաշտպանութեանը: Մեր ազգասիրութիւնն է, որ արդարացնում է մեր ժողովրդի ազատագրական պայքարը, պահպանում մեր ազգային դիմագծի անաղարտութիւնը, դարերի ընթացքում ընդունած աւանդոյթները: 

 

 

Հայ գրականութեան ինքնատիպ անուններէն է արձակագիր, թարգմանիչ, Խորհրդային Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ Ստեփան Ալաճաճեան (1924-2010), որ կ'անուանուի նաեւ հայրենադարձ սերունդի պատմագիր, եւ այդ բնորոշումը  պատահական չէ:

1946 թուականին Սուրիոյ Հալէպ քաղաքէն հայրենադառնալով Հայաստան, ուսում ստանալով Երեւան, ապա՝ Մոսկուա եւ վարելով գրականութեան, հրատարակչութեան ասպարէզներու կարեւոր պաշտօններ, Ստեփան Ալաճաճեան նաեւ կը ստեղծագործէր: Գրելու, ստեղծագործելու ձիրքը փոքր տարիքէն ուղեկցած էր անոր, դեռ՝ Հալէպ ապրելու տարիներէն: Հայրենիքի գիտակցութիւնը նոյնպէս Ստեփան Ալաճաճեանի մօտ տակաւին փոքր տարիքէն ձեւաւորուած է, երբ լսած է գաղթի, կոտորածի, տեղահանութեան, կորուսեալ հողի ու երկրի մասին պատմութիւնները, եւ այդ ամէնը իրենց արտացոլումը գտած են անոր պատմուածքներու, միւս ժանրի ստեղծագործութիւններու եւ յետոյ՝ հրապարակախօսութեան մէջ: Ալաճաճեանի բոլոր պատմուածքները, վէպերը եւ վիպակներն ունին իրենց յստակ ոճը, գաղափարախօսութիւնը եւ ամենակարեւորը՝ բոլորն ալ ունին արդիական ըսելիք ու միշտ այժմէական են: 

Ալաճաճեանի գործերէն ընթերցողին քաջ ծանօթ է յատկապէս  «Եղեգները չխոնարհուեցին» վէպը՝ դասական մի գործ, որ նուիրուած է եղեռնիէն փրկուած հայ մարդոց, որոնք վերադարձան Կիլիկիա՝ հայկական ինքնավար պետականութիւն ստեղծելու յոյսով ու խաբուեցան՝ հաւատալով եւրոպական դիւանագիտութեան: Ապա 1921 թուականին հերոսական կռիւ մղելով թշնամիին դէմ՝ ապաստան գտան Միջին Արեւելքի հիւրընկալ ժողովուրդներուն մօտ։

Ստեփան Ալաճաճեանի գրական առաջին գործը՝ «Ծովուն երգը», լոյս տեսած է 1939 թուականին, Պէյրութի «Պատանեկան արձագանգ» պարբերականին մէջ։ Անոր «Անապատում», «Պարտութիւն» վիպակները եւ «Եռաթեւ ծիածան» ու «Մատլէնն ապրում է Փարիզում» պատմուածքներու ժողովածոները թարգմանուած են եւ առանձին գիրքերով լոյս տեսած ռուսերէնով։ Պարսկերէնի թարգմանուած է եւ 1973 թուականին Թեհրանի մէջ լոյս տեսած է «Եղեգները չխոնարհուեցին» վէպը։ Գրական մամուլին մէջ ռուսերէն տպագրուած են նաեւ գրողի «Մատլէնն ապրում է Փարիզում» եւ «Անառագաստ նաւակներ» վիպակները։ Բացի այդ, Ալաճաճեանի շատ ստեղծագործութիւններ թարգմանուած են անգլերէնի, ֆրանսերէնի, չեխերէնի, պուլկարերէնի, էստոներէնի, ուզպեքերէնի եւ այլ լեզուներու։ 

Ստեղծագործելուն զուգահեռ՝ կատարելով թարգմանութիւններ, Ստեփան Ալաճաճեան անգլերէնէն եւ ֆրանսերէնէն թարգմանած է Շեքսփիրի, Ուիլիամ Սարոյեանի, Հերպըրթ Ուելսի, Ժան Փոլ Սարդրի եւ այլոց գործերը։ «Հայաստան» հրատարակչութեան մէջ անոր նախաձեռնութեամբ սկսած են հրատարակուիլ «Սփիւռքահայ գրողներ» եւ «Հայ մատենագիրներ» շարքերը։

Ս. Ալաճաճեանի սենարով (հեղինակակից` Հենրիկ Մալեան) «Հայֆիլմ» շարժապատկերներու ընկերութիւնը 1980 թուականին նկարահանած է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարուեստական շարժապատկերը։ 1984 թուականին «Հայֆիլմ»-ը տաղանդաւոր գրողի սենարով նկարահանած է «Ճերմակ անուրջներ» գեղարուեստական շարժապատկերը։

Ստեփան Ալաճաճեան 1957-1963 թուականներուն աշխատած է «Սովետական գրականութիւն» ամսագրին մէջ, որպէս արձակի բաժինի վարիչ: 1966-1967 թուականներուն եղած է «Հայաստան» հրատարակչութեան գեղարուեստական գրականութեան խմբագրութեան վարիչը, 1967-1975 թուականներուն՝ Հայաստանի խորհրդային գրողներու վարչութեան քարտուղարը։ 1980 թուականին եղած է Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի տնօրէն, իսկ  1992 թուականին բնակութիւն հաստատած է Լոս Անճելոս, ուր հրատարակած է «Առագաստ» գրական պարբերաթերթը։

19 սեպտեմբեր, 2008-ին ՀՀ մշակոյթի նախարարութեան կողմէ, հայ տաղանդաւոր գրող Ստեփան Ալաճաճեան պարգեւատրուած է Ոսկեայ մետալով։ Վախճանած է Լոս Անճելոս, 23 դեկտեմբեր, 2010-ին։ Յետմահու  վերահրատարակուած են գրողի գիրքերը, ինչպէս նաեւ տպագրուած նորերը, ուր կ'երեւի նաեւ Ստեփան Ալաճաճեան հրապարակախօսը: Նկատի ունենալով, որ գրողի հրապարակախօսութիւնը (անոր գեղարուեստական գրականութեան հետ համեմատած) քիչ ծանօթ է ընթերցողին, «Արեւելք» կը սկսի ներկայացնել գրողին 1957-2005 թուականներուն գրած հրապարակախօսական յօդուածներէն, որոնք տպագրուած են մամուլով, ապա՝ ընդգրկուած ժողովածոյի մէջ (լոյս տեսած 2008-ին՝ Միացեալ Նահանգներ): Ստեփան Ալաճաճեանի այդ յօդուածները, ակնարկները, գրախօսութիւնները, դիմանկարները եւ հրապարակագրական ժանրի միւս գործերը արդիական են նաեւ այսօր: Անոնք հայ մտաւորականի, գրողի, գրադատի քննական ու գեղագիտական հայեացքն են՝ ուղղուած հայ իրականութեան զանազան հարցերուն: Առաջին յօդուածը, որ կը ներկայացնենք, ելոյթ է, որ ընթերցուած է  21 ապրիլ, 1965-ին՝  Երեւանի Պետական համալսարանի ուսանողներու մի խումբ գրողներու հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման մասնակցած են Պարոյր Սեւակ, Սիլվա Կապուտիկեան, Վարդգէս Պետրոսեան, Հրանդ Թամրազեան եւ Վիգէն Խեչումեան: Ժամանակին Ստեփան Ալաճաճեանի այս ելոյթը մերժուած է խմբագրութիւններու կողմէ եւ միայն շատ տարիներ ետք ընդգրկուած Միացեալ Նահանգներ լոյս տեսած վերոնշեալ ժողովածոյին մէջ: 

 

 

ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋԵԱՆ

Ե Լ Ո Յ Թ

ԱԶԳԱՍԻՐՈՒԹԵԱՆ ԵԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ        

Ձեզ համար գրեցի այս բոլորը և Ձեր անունից, որպեսզի փոխանցուի սերունդներին, որ պիտի գան, պիտի ապրեն իբրեւ հայ, ազգային գիտակցութեամբ, ազգային արժանապատութեամբ, իբրև գրասէր մարդ և քաղաքացի: Ազգասիրութիւնը այն բարձրագոյն զգացմունքն է, որ պատմական արմատներ ունի, սնունդ է առնում արեան բջիջներից և իր աւիշով ազգակիցներին մղում է ազգային շահերի պաշտպանութեանը: Մեր ազգասիրութիւնն է, որ արդարացնում է մեր ժողովրդի ազատագրական պայքարը, պահպանում մեր ազգային դիմագծի անաղարտութիւնը, դարերի ընթացքում ընդունած աւանդոյթները: Մեր ազգասիրութիւնը չի քաջալերում որևէ յաւակնութիւն ուրիշ ազգերի նկատմամբ և չի հանդուրժում իր կամ ուրիշի գերազանցութեան զգացումը, և դրանով իսկ յաղթահարում ազգային սնապարծութիւնը: Ազգասիրութիւնը մեր արժէքների ճշմարիտ ու արդար գնահատումն է ընդդէմ այդ արժէքների ուրացման և ստորացման, մեր պայքարն է յանուն ազգային հպարտութեան:

Ազգասէր է նա, ով իր մէջ կրում է իր ժողովրդի իղձերն ու երազանքը. հետևապէս, ազգասիրութիւնը ժողովրդական զգացմունք է, և ով երես կը թեքի ժողովրդի համազգային այդ զգացմունքից, պատմութեան մէջ կը մտնի որպէս վարկաբեկուած զաւակ ու կը մոռացուի, որովհետև պատմութիւնը, նաև, և յատկապէս, իր հեղինակաւոր, իր լաւագոյն զաւակների գրի առնուած յիշատակութիւնն է, նրանց հերոսական արարքների էջագրութիւնը:

Արեան կանչ է ազգասիրութիւնը և արեան ցեղակցութեան հիմնաբջիջը, որ դառնում է յաւերժականութեան համար հզօրագոյն ուժը, դառնում է ազգային պատկանելիութիւն ունեցող ժողովրդի շարունակելիութեան հիմքը:

Ազգն իր հաւատքով թրծող սէրն է նա. իր ցեղի յարատեման խթանը, ազգի ոգին անուցող հիւլէն: Այդ ոգին է այն աննկուն կերտուածքը, որով թերահաւատութիւն չենք ցուցաբերել գոյատևելու պայքարում մեր յաղթանակի նկատմամբ, քանզի դա մի ողջ ազգի պայքար է: Այդ ոգին է, որ չի թողել մեզ թերահաւատութիւն ցուցաբերել սեփական ուժի նկատմամբ, քանզի դա կը լինէր մեր բարոյական պարտութիւնը, իսկ մեր բարոյական հիմքերը մեր սերունդների մաքրութեան հովանիներն են:

Ազգի ոգին մեզ առաջնորդող ջահն է խաւարի խժդժութիւնների միջով: Մեր խիզախութեան ներշնչանքն է նա: Առանց խիզախների ազգային շարժում ստեղծուել չի կարող, և խիզախութիւնը չի ընդունում ոչ խուճապ, ոչ նահանջ:

Ազգի ոգին է մեր ազատութեան շեփորահարը: Այդ ոգին մարդկային է և մարդկութեան անբաժանելի մասնիկը, որով ազգի որևէ զաւակ դառնում է մարդկութեան արժանի էակ:

Ժողովրդին սթափեցնող ձայնն է այն և հայրենիքի ներկայութիւնն է մարդու մէջ ու մարդու հոգեկան ներկայութիւնը հայրենիքում:

Երկուորեակներ են մեր ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը, զի նոյն ոգու ծնունդն են ու ապրում են իրարմով, բայց հայրենասիրութիւնն աւելին է, քան միւս զգացմունքները, որովհետև իր հիմքում կրում է բարոյական և հասարակական պարտաւորութիւններ ոչ միայն ազգի, այլև այն հողի հանդէպ, որ կոչւում է հայրենիք: Նրա մէջ մտնում է հայրենի հող ու երկինք ունենալու գիտակցութիւնը, մի հասկացութիւն, որ բովանդակութեամբ ու տարողութեամբ, ընդգրկումով ու խորութեամբ շատ աւելի հզօր է. նրա մէջ են պարփակւում այն վայրը, որ պապ ու պապի ծննդավայրն է, այն լեռն ու ձորը, լիճն ու ջուրը, ծառն ու թուփը, որ հայրենին է: 

Հայրենիքն է մեր ազգային գոյութեան սկիզբը:

Հայրենասիրութիւնը՝ ինքնաճանաչման ուժն է: Մենք մեզ ճանաչում ենք այն լեզուով, որ խօսելու են մեր հողի մարդիկ և մեր երկիրն է մեր ինքնաճանաչման վկան, Արարատն ու Արագածը, Սևանն ու Վանայ ծովը, սօսիի անտառներն ու հայոց լեռնաշղթաները: Հայրենիքն այն է, ինչ պատմութիւն ու անցեալ է կերտում իր հողի վրայ ապրող, իր հողում ծնուած ժողովրդի համար: Վա՜յ այն ազգին, որ անցեալ չունի. չունի պատմութիւն:

Մեր անցեալը վանք է և գիր, մշակոյթ է և արուեստ, երգ է և պետականութիւն, զօրք ու հաւատ, և վերջապէս ազատութեան համար մղուած սրբազան պատերազմ: Հայրենասէր է նա, ով չի կարող անտեսել հայրենիքի շահը, ով օգնում է իր հայրենիքի բարգաւաճմանը ու ծառայում նրա հզօրութեանը, քարը քարի վրայ է դնում, հողն է հերկում, հունտ է ցանում, սածիլ տնկում, երգ է հիւսում, վէրք է բուժում: Հայրենասիրութիւնը աշխատանք է և գործ, որտեղ էլ որ դա արուի, յանուն հայրենիքի բարօրութեան: Մեր հայրենասիրութիւնն է մեր պետականութեան հիմնաքարը: Այն ազատութեան ու անկախութեան պահանջ է, մեր հողի ամբողջատիրութեան երաշխիքը: Այն վեհագոյն պատուանդանն է ընդդէմ օտար ճնշումների, մի սուրբ ձեռք է ներխուժողի դէմ ու ռազմի տանող սրբազան զէնք. ապա ձիթենեաց ճիւղն է, որ խաղաղութիւն է աղերսում յանուն պայծառ արեգակի:

Հայրենիքից հեռու ապրել չի նշանակում հայրենիք չունենալ: Հայրենիք ունենալով՝ հայրենասիրութիւն չունենալն է անէծքը: Վեհ է նա, ով հայրենիքից հեռու՝ ապրում է հայրենասիրութեամբ: Հայրենասիրութեամբ չապրելն է ամօթ:

Ո՞րն է այն ուժը, որ կարող է ամբողջ ազգը հաւաքել իրար, բերել իր շուրջը, եթէ ոչ ճշմարիտ հայրենասիրութիւնը, հայրենիք կերտող, հայրենիք պահող հայրենասիրութիւնը: Դա է, որ սերունդների օրհնութիւնն ունի մեզ վրայ, դա է, որ տանելու է մեր օրհնութիւնը յաջորդ սերունդներին: