image

Թուրք նախկին նախարար․ Մենք վշտացած ենք Հարություն Արթունի կորստից

Թուրք նախկին նախարար․ Մենք վշտացած ենք Հարություն Արթունի կորստից

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, քաղաքական գործիչ, Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի հիմնադիր անդամներից մեկը՝ դոկտոր Հիլմի Գյուլերը ցավակցություն է հայտնել Օրդու քաղաքի հայ նշանավոր վարպետ Հարություն Արթունի մահվան առթիվ`տարածելով իր եւ Արթունի համատեղ լուսանկարը: Հիլմի Գյուլերն այժմ Օրդուի քաղաքապետն է։ 

«Մենք խորապես վշտացած ենք մեր քաղաքի հարգարժան վարպետներից մեկի՝ առատաշնորհ սրտով, մեծ ժառանգություն թողած Հարություն Արթունի կորստով։ Վարպետ Հարությունը, որ իր ողջ կյանքի ընթացքում հետք է թողել իր աշխատանքով, արհեստով և մարդկայնությամբ, արժեքավոր դեմք էր ոչ միայն իր ընտանիքի, այլև՝ Օրդուի պատմության մեջ։ Այս գեղեցիկ քաղաքում, որտեղ մեր տարբերությունները հարստության աղբյուր են, նա կհիշվի որպես բարեկամության, հարևանության և միասին ապրելու մշակույթի լավագույն օրինակներից մեկը։

Մենք կիսում ենք վիշտը։  Այն համընդանուր վիշտ է։ 

Միասնության, համերաշխության և եղբայրության զգացմունքները, որոնք տարիներ շարունակ պահպանվել են այս հողերում, այսօր էլ շարունակում են ապրել նույն ոգով։

Ես իմ խորին ցավակցություններն ու աղոթքներն եմ հղում Արթունի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին, սիրելիներին և հայ համայնքին՝ ամուր մնալու համար»,-գրել է թուրք քաղաքական գործիչը։ Նա երեկ նաեւ Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում մասնակցել է Հարություն Արթունի հուղարկավության արարողությանը։ 

Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները նույնպես անդրադարձել են  Օրդուի հայ պղնձագործ Հարություն Արթունի մահվանը։  Նա մահացել է 102 տարեկանում եւ Օրդու մարզի հայտնի դեմքերից էր։