image

Երկու հայ մնացած է բռնագրաւուած Ստեփանակերտի մէջ. անոնցմէ մէկն անհետացած է

Երկու հայ մնացած է բռնագրաւուած Ստեփանակերտի մէջ. անոնցմէ մէկն անհետացած է

Երկու հայ մնացած է բռնագրաւուած Ստեփանակերտի մէջ: Անոնցմէ մէկուն ատրպէյճանցիները չեն գտած, որ բերեն: Այս մասին գրած է «Ազատութիւնը»։

«Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձեւով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիւ իրեն ման գալ, մի քանի րոպէ ման եկան, յետոյ սուս մնացին, մնացածին ավտո նստեցրին, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» -ըսած է հանրային գործիչ Տիգրան Պետրոսեանը:

Լարիսա Ստեփանեանն է անհետացողը վերջին պահուն: 73 -ամեայ կինը 2020-ի պատերազմէն ետք Հադրութէն տեղահանուած էր, կ՚ապրէր Ստեփանակերտի՝ կացարաններու վերածուած ոստիկանութեան փոլիքլինիքայի շէնքին մէջ:

Լարիսան Պաքուէն եկած լրագրողներուն ըսած էր, որ իրեն լաւ կը զգայ, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտէն, որովհետեւ պիտի անպայման ետ՝ իր տուն Հադրութի Տող գիւղ երթայ, այս հարցով նոյնիսկ հեռակայ Ալիեւին դիմած էր:

Արցախի մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեանն ըսած է՝  լաւ կը ճանչնայ կինը, երբ տեղահանուած էր, միշտ այցելեր են անոր. «Իր մօտ մշտապէս այդ ցանկութիւնը կար վերադառնալ իր տուն ամէն գնով, անգամ ինքը չէր խօսում Ստեփանակերտում կամ այլ վայրում բնակարան ստանալու մասին, այլ անընդհատ ֆիքսուած էր իր տուն վերադառնալու գաղափարի վրայ»:

Լարիսայէն բացի Ստեփանակերտի մէջ է նաեւ Միշա Գրիգորեանը, ան, սակայն, ի տարբերութիւն Լարիսայի, մեքենայ նստած է, հասած է Հակարիի կամուրջ, բայց Երեւան չէ հասած, այս մասին ականատեսը պատմած էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսեանին:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», եւ այլն: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտքերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթէ մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լաւ է դուք ինձ սպանէք»: Ասում է՝ «լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», - ներկայացուցած է Պետրոսըանը: