Անոր գրառումը կը ներկայացնենք ստորեւ.
«Բա Սիւնիքում իմքայլական գելխեղդ չկա՞յ
Շուռնուխցի Գաւրուշ Յակոբեանի անասնագոմը գտնուում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մեթրի վրայ։ Յայտնի GPS-եան գծագրումով գոմերից մի քանի մեթր այն կողմ արդէն դիրքաւորուած թուրքն է։ Ուրբաթ օրը ատրպէյճանցիները գողացել են Գաւրուշի 13 մայր կովերն ու քշել դէպի ատրպէյճանական Սէյթազ գիւղ։ Անասունների հետքերով ֆերմերի (ագարակատէր) որդին, ռուս խաղաղապահների հետ գնացել է այդ գիւղը, որտեղ ասել են՝ հա, կը տանք ձեր անասուններին ու էդպէս էլ մինչ օրս չեն վերադարձրել։
Թուրքի հետ նոր խաղաղասիրական դոկտրին (վարդապետութիւն) մշակող իշխանութեան Սիւնիքի մարզպետարանից Գաւրուշին ասել են՝ հանգիստ նստի տեղդ, ոչինչ մի ձեռնարկի, մենք ռուսներին տեղեկացրել ենք։
Այսինքն, իրենք առ ոչինչ են, ու իրենց միակ գործառնական յոյսը ռուս խաղաղապահն է։
Այդ ֆերման շուռնուխցի Գաւրուշի մեծ ընտանիքի ապրուստն էր, որը թուրքը տարել է։
Բայց, կարեւորը՝ մենք այլեւս թուրքի հանդէպ մեր թշնամական դիտակէտը պիտի փոխենք։
Հիմա ես չգիտեմ՝ Սիւնիքի մարզպետը եւս գելխեղդ է, թէ՝ ոչ, բայց յուսամ գոնէ կը փորձեն ինչ-որ քայլեր ձեռնարկել շուռնուխցի ֆերմերին օգնելու համար։
Եւ քանի որ իշխանական գելխեղդները առանձնապէս հաւատ չեն ներշնչում, դիմել եմ նաեւ Ռուսլան Մուրատովին»։