Վստա՞հ էք, որ Հայաստանի մէջ ատրպէյճանցի ռազմագերիներ եւ գերեվարուած քաղաքացիական անձինք կան, որ կարողանանք բոլորը բոլորի դիմաց փոխանակում ընել, ինչպէս արձանագրուած է 10 նոյեմբերի խայտառակ քափիթուլացիոն (անձնատուութեան) փաստաթուղթին մէջ։ Ես նման վստահութիւն չունեմ։ Այս մասին ԱԺ եւրոպական համարկման հարցերու մշտական յանձնաժողովի նիստին, դիմելով ՀՀ արտաքին գործոց նախարար Արա Այվազեանին, ըսած է «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրապեանը։
«Ի՞նչ է անում ՀՀ ԱԳՆ-ն՝ բացի էմոցիոնալ (զգացական) յայտարարութիւններից, բացի նրանից, որ ասում է՝ աշխատում է։ Ի՞նչ է անում ռազմագերիների վերադարձի համար։ Ի՞նչ ենք անում ատրպէյճանական զինուժի վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում մեր մշակութային կոթողների հանդէպ խայտառակ վանտալիզմի դէմ։ Մինչ մենք այստեղ մտահոգուում ենք, ցաւում ենք, տխրում ենք, նրանք ամէն օր ոչնչացնում են մեր մշակութային կոթողները։ Բացի մտահոգութիւնից՝ ի՞նչ առարկայական քայլեր ենք անում, որ այդ վանտալիզմը կանգնի, որ միջազգային կառոյցները յստակ քայլ անեն»,-հարցուցած է պատգամաւորը։
Արա Այվազեանն արձագանգած է՝ իրենք բազմիցս նշած են, որ ՀՀ-ն ամբողջութեամբ կատարած է 9 նոյեմբերի փաստաթուղթի 8-րդ կէտով նախատեսուած պայմանաւորուածութիւնը եւ Ատրպէյճանին յանձնած է բոլոր գերիները։ «Մենք միշտ մատնացոյց ենք կատարել, որ Ատրպէյճանը չի կատարել պարտականութիւնը։ Գնալով միջազգային ճնշումն աճում է թէ՛ գերիների, թէ՛ պատմամշակութային եւ կրօնական յուշարձանների վերաբերեալ»,-ըսած է նախարարը։
Պատգամաւորն արձագանգած է, թէ կարեւոր է, որ կը նշեն՝ յանձներ են բոլոր ռազմագերիներն ու քաղաքացիական անձերը։
«Մենք մինչեւ վերջին ռազմագերին ու քաղաքացիական անձը յանձնել ենք, յանձնել ենք անգամ 90-ականների պատերազմի ժամանակ թաղուած ատրպէյճանցի ռազմագերիների ոսկորները։ Իսկ միգուցէ կարիք չկա՞ր ամէն ինչ յանձնել, երբ գիտենք՝ մենք ինչքան ռազմագերիներ ունենք։ Այսօր ունենք 188 հաստատուած, մի այդքան էլ՝ ենթադրեալ ռազմագերիներ»,-ըսած է Զոհրապեանը։
Այվազյանն արձագանգած է, թէ գերիներու թիւն այդքան չէ, ուղղակի 188 անձը նշուած է ՄԻԵԴ-ի կողմէ։ «Թիւը տարբեր է, որը չեմ հնչեցնի»,-նշած է ան։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել