image
Հրատապ լուրեր:

Յուրաքանչյուրն իր անելիքն անում է այսօր ընտրվելու, վաղն էլ իր բաժինը բերելու երկրի կառուցման. Ժիրայր

Յուրաքանչյուրն իր անելիքն անում է այսօր ընտրվելու, վաղն էլ իր բաժինը բերելու երկրի կառուցման. Ժիրայր

Այսօր Հալեպում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ: Ըստ օրենսդրության՝ քաղաքացիները պետք է իրենց ընտրությունը կատարեն երկու ընտրակարգով՝ ընտրելով միաժամանակ նահանգային և քաղաքային մարմիններ:

 

Ինչպես արդեն հայտնել է Արևելք-ը, Հալեպի ՏԻՄ ընտրություններում առաջադրված է 6 սիրիահայի թեկնածություն, ովքեր, սակայն, ոչ միասնական են հանդես գալիս: Մի մասը մասնակցում է անհատական, երկու թեկնածուն՝ Բերիո թեմի առաջադրմամբ:

 

Ընտրություններից սպասելիքների ու առաջիկա անելիքների մասին Արևելք-ը զրուցել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո թեմի ներկայացուցիչ Ժիրայր Ռեիսյանի հետ:

 

Սիրիան բոլորի հայրենիքն է, այդ թվում նրանց, ովքեր երկար տարիներ ապրել ու օգտվել են այս երկրի բարիքներից, ուրեմն առանձնացնել հայ թեկնածուներին մյուսներից Ժիրայր Ռեիսյանը տեղին չի համարում: Ասում է.

 

«Ես չեմ առանձնացնում հայը արաբից կամ մեկ ուրիշից, ընդհանուր աշխուժություն կա, ընդհանուր ոգևորություն կա, եռուզեռ կա, և յուրաքանչյուրն իր անելիքն անում է այսօր ընտրվելու, վաղն էլ իր բաժինը բերելու երկրի կառուցման»:

 

Առավել ևս չի ցանկանում տարանջատել հայ թեկնածուներին, հետևաբար հրաժարվում է անդրադառնալ հարցին, թե ինչու են առանձին հանդես գալիս 6 հայ թեկնածուները: Հայն ամբողջ սիրիացի ժողովրդի մի մասնիկն է, և ինչ որ ունի Սիրիան, բոլորինն է, կարծում է նա:

 

Իսկ Սիրիան գնում է դեպի զարգացում, դեպի վերակառուցում, հետևաբար թեկնածուների ծրագրերն էլ այդ ուղղությամբ են, ինչը ոգևորել է հայ պատգամավորին, մտահոգություններից չի ցանկանում խոսել:

 

«Այսօր Սիրիան իր հաղթական ընթացքի մեջ է, երկիրն իր վերակառուցման ընթացքը գտնելու մեջ է, յուրաքանչյուր անհատ, քաղաքացի ունի իր բաժինը, պարտականությունը և պիտի ունենա իր ներդրումը երկրի վերաբնակեցման գործընթացում: Ինչո՞ւ եք մտածում  մտահոգության մասին, երբ մարդիկ գործի ու արդյունքի մասին են մտածում, մենք սպասում ենք, որ այսօր ով որ հաջողության հասնի, պետք է համապատասխան արդյունքը բերի»,-ասում է Ռեիսյանը:

 

Նա վստահ է, որ Սիրիան ոտքի է կանգնելու, իսկ դրականի ձգողական ուժն ավելի մեծ է, ուստի սպասում է, որ զարգացող երկիրն իր մոտ  կվերադարձնի զավակներին, Հալեպն էլ նոր ղեկավարների ջանքերով կվերակագնվի: «Վերականգնումը իր լայն իմաստով ոչ միայն քարն է, այլև ընկերությունն է, այլև այն բոլոր բաժիններն են, որոնք այս երկիրն ու ժողովուրդը որպես մեկ ամբողջություն են ներկայացնում»,-կարծում է սիրիահայ պատգամավորը: