image

Ոչինչ կորած չէ, Մեր կա՛մքն աննկուն է. Հրապարակվեց ԱՅԳ կուսակցության բլաթֆորմը

Ոչինչ կորած չէ, Մեր կա՛մքն աննկուն է. Հրապարակվեց ԱՅԳ կուսակցության բլաթֆորմը
1918 Մայիս, 1989 Դեկտեմբեր, 1991 Սեպտեմբեր, 2018 Մայիս՝ թվականներ, որոնք հիմնարար հանգրվաններն են մեր պետականության և ժողովրդի վերածննդի:
Անկախ է պետությունը, ազատագրված է Արցախը, զարթնել է ժողովուրդը:
Սակայն պատմական ներկա իրավիճակը և դեպքերի ընթացքը չեն կարող բավարար համարվել: Մեր պարտքն է տեր կանգնել մեր ճակատագրին և դիմակայել համաղետային սպառնալիքներին՝
  • Համամոլորակային տաքացման և ռեսուրսների սպառման ճգնաժամին,
  • Պատմական հայրենիքի ամբողջ տարածքում ժողովրդագրական ահագնացող աղետին,
  • Հայաստանի Հանրապետության թերզարգացածությանը,
  • Հայրենի գյուղական բնակավայրերի ամայացմանը,
  • Ավանդական մեր արժեքների ոտնահարմանը,
  • Հասարակական և քաղաքական խորացող պառակտմանը, պատեհապաշտությանը, արկածախնդրությանը և սպասվող հերթական հիասթափությանը,
  • Հայաստանին և Արցախին պարտադրված աշխարհաքաղաքական անօրինական շրջափակմանը,
  • Արցախի՝ Հայաստանի Հանրապետության միացման հապաղմանը,
  • Սփյուռքի՝ հայրենիքից անջրպետմանը եւ արագընթաց ուծացմանը,
  • Աշխարհաքաղաքական մեր մեկուսացմանը,
  • Արեւմտահայության անժամանցելի իրավունքների շարունակվող, անընդունելի ոտնահարմանը:
Ահա՛, այս գիտակցությամբ, հռչակում ենք ԱՅԳ Կուսակցության ստեղծումը:
Ով հա՛յ ժողովուրդ, Ժա՛մն է սթափվելու և համախմբվելու, Պա՛հն է պատասխանատվության և զարթոնքի, Առի՛թն է մեր արժեքները, ավանդությունները, ժառանգությունը գիտակցելու, Ատե՛նն է համահայկական ներուժի համարկման և զորաշարժի:
Ոչինչ կորած չէ, Մեր կա՛մքն աննկուն է, Ազատական-Պահպանողականների աշխատանքի ժամանակն է, Համախմբված, հաշտ, պարկեշտ, գիտակից և պատասխանատու քաղաքական գործունեության ժամանակն է, ԱՅԳ-ի Համազգային ծրագրի շուրջ համախմբվելու ժամանակն է:

Միացե՛ք ԱՅԳ-ին և կապրենք նոր Այգաբաց:

Երևան, 11 Փետրվար 2019թ. Համահայկական Ազատական-Պահպանողական Կուսակցության (ԱՅԳ • ՀԱՊԿ) Հիմնադիր խորհուրդ.