Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հերթական փակ Համագումարը, որին մասնակցում էին աշխարհի 15 և Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվեց Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:
Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները և, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկա 4 տարվա հավաքական ռազմավարությունն ու գործունեության ոլորտը, որոշեցին.
- Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկայում նույնպես պետք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները ուղղել դեպի Մայր Հայրենիք:
- ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Հայաստանի բնակչության ստվար մասը երկրում տիրող սոցիալական անարդարության պատճառով ապրում է տնտեսապես անբավարար վիճակում, ինչը համարվում է արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը, որի կասեցումը ազգային առաջնահերթություն է: Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցության պայմանները: Այս հանգամանքի և սոցիալական արդարության բացակայության հետևանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում դեռ օրենքի լիակատար գերակայությունն ապահովված չէ:
- Համագումարը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրված արտաքին քաղաքականություն: Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաև հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:
- Ս.Դ. Հնչակյան Կուսակցությունը Հայաստանում գործում է որպես Անկախ քաղաքական միավոր, այն իրավունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, ովքեր ընդունում են Հնչակյան կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը, հատկապես, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքները:
- ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և հատկապես Հնչակյան կուսակցության համար մնում է առանցքային հիմնախնդիր և շեշտում է, որ Կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով պետք է ընդդիմանա ադրբեջանական ցանկացած ագրեսիային` լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թե տնտեսական:
Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի և իրավահավասար բանակցությունների արդյունքում ձևավորված բանաձևերի հիման վրա:
Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին ավելի լայն ճանաչում ապահովելու միտված ջանքերը բազմապատկելու անհրաժեշտությունը:
Համագումարը վերահաստատեց Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը:
Սեպտեմբերի 24-ին ավարտվեց համագումարի աշխատանքները, որի արդյունքում ընտրվեց նոր Կենտրոնական վարչություն հետևյալ կազմով.
- Համբիկ Սարաֆյան (ատենապետ, Ամերիայի Միացյալ Նահանգներ)
- Վազգեն Համալյան (փոխատենապետ, Սիրիայի Արաբական Հանրապետություն)
- Նարեկ Գալստյան (քարտուղար, Հայաստանի Հանրապետություն)
- Հակոբ Տիգրանյան (Կիպրոս)
- Շավարշ Ակինյան (Կանադա)
- Մանո Շխրտմյան (Հայաստանի Հանրապետություն)
- Ալեքսան Քեոշքերյան (Լիբանան)
- Կիրակոս Թութունջյան (Կանադա)
- Ջորջ Հակոբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
10. Թադևոս Քօրօղլյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
11. Գևորգ Սաչլյան (Ֆրանսիա)
Ք. Երևան
25.09.2017
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել