image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ Գևորգը բիզնեսում հաջողության հասնելու իր բանաձևն է մշակել

Սիրիահայ Գևորգը բիզնեսում հաջողության հասնելու իր բանաձևն է մշակել

Սիրիահայ Գևորգ Քյոշքերյանը երեք տարուց ավելի է՝ հոր, կնոջ և դստեր հետ տեղափոխվել է  Հայաստան: Տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Քյոշքերյանների ընտանիքը համալրվել է արու զավակի ծնունդով:

Հալեպում Քյոշքերյաններն արծաթյա զարդերի ու հուշանվերների վաճառքով էին զբաղվում, իրենց խանութների ցանցն ու հավատարիմ հաճախորդների բազմությունն ունեին:

Հայաստան տեղափոխվելուց հետո էլ Գևորգը փորձ է արել վերսկսել բիզնեսը, Վերնիսաժում տաղավար է վարձակալել, որտեղ վաճառում է թե՛ հայաստանաբնակ, թե՛ Սիրիայից Հայաստան տեղափոխված վարպետների աշխատանքները:


-Սկզբում խանութ բացեցի, մի տարի աշխատեցրի: Բայց չստացվեց գործը: Փակեցի, եկա Վերնիսաժ: Սիրիայում մեզ բոլորը ճանաչում էին, իսկ այստեղ նոր  ենք հաճախորդներ և ճանաչում ձեռք բերում,- ասում է նա:

Երկու երկրներում նույն գործունեությամբ զբաղված գործարարը նշում է՝ տարբերությունները շատ են, որոնք դրսևորվում են թե՛ վաճառվող ապրանքների, թե՛ մտածելակերպի ու մշակույթների տարբերություններում:


-Այնտեղ հիմնականում արծաթի մեծ կտորներ էի վաճառքում՝ կառքեր, նավեր, խաչեր, մոմակալներ, պտղամաններ, բոլորը՝ ձեռքի աշխատանքներ: Ժողովրդի մեջ մշակույթ կար, որ ծնունդ, կնունք, կամ հարսանիք գնալիս այսպիսի նվերներ էին տանում: Հայաստանում առավելապես զարդեր են գնում, կամ ոսկեջրած բաժակներ են առնում, որ օգտագործեն: Հայաստանում ասում են՝ հուշանվերն առնեմ, տանը դնեմ, ի՞նչ անեմ,- ասում է Գևորգ Քյոշքերյանը, ապա մանրամասնում,-Սիրիայում արծաթը հիմնականում խանութներին մեջ կվաճառվեր, այստեղ՝ Վերնիսաժի տաղավարներում: Որ նոր եկանք, մեր ապրանքի տեսականին մի քիչ ուրիշ էր՝ նուրբի վրա էր, ժողովուրդը մինչև վարժվեց, վստահություն ձեռք բերեց, ժամանակ անցավ:


Սիրիահայ Գևորգը բիզնեսում հաջողության հասնելու իր բանաձևն է մշակել.


-Որակով ապրանք պիտի ունենաս, տեսականիդ պետք է շատ լինի: Մենք բոլոր առիթների համար տեսականի ունենք: Կախված առիթից՝ ամեն ինչ էլ վաճառվում է: Լինում է, որ պատվերներ էլ են տալիս, հատուկ իրենց համար պատրաստում ենք,- ասում է նա, ապա ավելացնում,- Հայաստանում հանգիստ է, այստեղի միակ պրոբլեմը գործի խնդիրն է: Եթե դա լուծվի, ժողովուրդը կարողանա իր հացն ապահովել, այստեղ դրախտ կըլլա:

Հիմա Քյոշքերյանների ընտանիքը Սիրիա վերադառնալու մասին չի մտածում, թեպետ մտովի միշտ այնտեղ են, սրտի դողով հետևում են իրադարձությունների զարգացմանը, ընկնող ամեն արկի ու ամեն կրակոցի հետ անհանգստանում, բարձրաձայն, բայց առավել հաճախ մտածում՝ Հալեպում թողած տունն ի՞նչ եղավ…


-Պատերազմը, որ այսքան երկարեց, մի քիչ դժվար կլինի արդեն այնտեղ ապրելը. արյուն շատ թափվեց, մարդկանց հոգեբանությունը շատ փոխվեց, մինչև այդ հոգեբանությունը մաքրեն, ժամանակ կուզե,- ասում է Գևորգը ու մտովի վերադառնում Սիրիա,- Իմացանք, որ Հալեպում մեր տունի ապակիները ջարդվել են, խանութս ալ վնասվել է:  Ուզեցի գնամ տեսնեմ, բայց սիրտս չտվեց…


Հարցազրույցը՝  Տաթևիկ Սարգսյանի