image
Հրատապ լուրեր:

Մարզային ուսուցիչները կդասավանդեն միջազգային չափանիշներին համապատասխան

Մարզային ուսուցիչները կդասավանդեն միջազգային չափանիշներին համապատասխան

Եթե մայրաքաղաքում անգլերենի լեզվի ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու վերապատրաստման դասընթացներին և զարգացնել իրենց հմտությունները, ապա մարզային ուսուցիչների համար շատ հաճախ դասընթացներին մասնակցելը դժվարությունների է հանգեցնում:

 

Այս բացը լրացնելու նպատակով Բրիտանական խորհուրդը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը նախաձեռնել են «Զարգացնելով մարզային ուսուցիչների անգլերենի դասավանդման հմտությունները» ծրագիրը: Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզի ուսուցիչները կմասնակցեն շուրջ մեկ տարի տևող վերապատրաստման դասընթացներին, որոնց նպատակն է մարզերում անգլերենի դասավանդումը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

 

«Անգլերենի դասավանդման որակի բարձրացումը Բրիտանական խորհրդի առաջնահերթություններից է: Մեզ համար կարևոր է անգլերենի դասավանդման որակի բարձրացմանն ուղղված մեր ծրագրերում ներգրավել մարզային ուսուցիչներին և ոգևորիչ է, որ այս առաքելությունը մեզ հնարավորություն է տալիս համագործակցել COAF-ի հետ », - միջոցառմանը նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 

Հունիս – հուլիս ամիսներին երեք մարզի 12 ուսուցիչ մասնակցել է անգլերեն լեզվի արագացված դասընթացներին: Այնուհետև նրանք մասնակցելու են Բրիտանական խորհրդի Teaching Knowledge Test առցանց դասընթացին, որի ընթացքում ձեռք կբերեն անգլերենի դասավանդման վերաբերյալ նորագույն հմտություններն ու գիտելիքները: Այս փուլի ավարտից հետո Բրիտանական խորհրդի մասնագետը նրանց համար կանցկացնի մեկշաբաթյա ինտենսիվ դասընթաց, որից հետո ուսուցիչներն իրենց նոր հմտությունները կկիրառեն արդեն դպրոցում, իսկ Բրիտանական խորհրդի մենթորները կհետևեն նրանց աշխատանքին և կօգնեն խորհուրդներով:

 

«Ինձ համար շատ կարևոր է թարմացնել գիտելիքներս և ծանոթանալ ժամանակակից մոտեցումներին: Այս դասընթացը հնարավորություն կտա սովորել ուսուցման նոր մեթոդները, ինչն անչափ կարևոր է արդյունավետ դասավանդման համար»,- ասում է Դալարիկ գյուղից ծրագրի մասնակից Անահիտ Ենգոյանը:

 

COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանի խոսքով՝ «Հիմնադրամը խթանում է անգլերենի ուսուցումը գյուղական համայնքներում մի շարք նախաձեռնությունների շնորհիվ՝ կատարելագործելով դպրոցներում անգլերենի ուսուցման գործընթացը, աջակցելով անգլերենի արտադասարանային խմբակների կազմակերպմանը, անկախ տարիքից՝ գյուղի մյուս բնակիչներին ևս առաջարկելով սովորել կամ կատարելագործել անգլերենը»:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (5104), arevik.badalyan@britishcouncil.am կամ այցելեք www.britishcouncil.am կայքը:

 

 

***

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) մասին

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 67,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել Մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանի հետ՝ (010) 50 20 76, (094) 30 82 15, anahit.evoyan@ coafkids.org կամ այցելել am.coafkids.org: