image

Հալաբյանում ավտոբուսի պայթյունից վիրավորված երկու տղաների ապաքինման համար կիրառվել է գերժամանակակից մեթոդ

Հալաբյանում ավտոբուսի պայթյունից վիրավորված երկու տղաների  ապաքինման համար կիրառվել է գերժամանակակից մեթոդ

Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում  ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիների՝ «Թումոյի» ուսանողներ Ռոլանդ Խոջայանի և Էդգար Գասպարյանի ստացած  վերքերը ապաքինվել են ժամանակից շուտ: Ինչպես «Արևելքին» հայտնեցին նրանց բուժմամբ զբաղվող բժիշկները, նման խորը վերքերի ապաքինման համար սովորաբար անհրաժեշտ 3 ամսվա փոխարեն տղաների վերքերը փակվել են 25 օրում: Բուժման համար օգտագործվել է վերքերի փակման վակուումային համակարգ, որը հատուկ բժշկական սպունգերի միջոցով կատարվող գերժամանակակից մեթոդ է: Բուժումը հնարավոր է եղել իրականացնել «Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում՝ արտասահմանցի մասնագետների հետ կապ հաստատելու և փորձի փոխանակման շնորհիվ: Ծրագիրը հիմնվել է 2014-ի մայիսին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան շրջանի գրասենյակի և հայ բժիշկների շնորհիվ՝ բուժաշխատողների շարունակական կրթության զարգացման, բժշկական խորհրդատվություն տրամադրելու և բնակչությանը բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով: 

Ծրագրի երկրորդ տարվա առթիվ Ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառման ժամանակ  նախագծի ղեկավար Գևորգ Յաղջյանը ներկայացրեց երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքը, նշելով, որ իրականացվել է բժշկության արդիական ոլորտներին (սրտաբանություն, էնդոկրին հիվանդություններ, սննդաբանություն, վարակիչ հիվանդություններ) առնչվող թեմաներով  տեսակոնֆերանսներ, որոնց մասնակցել են Երևանի, Հայաստանի մարզերի և Արցախի հարյուրավոր   բուժաշխատողներ: Հեռուստակամուրջների ընթացքում  տեղի է ունեցել երիկամի փոխպատվաստման վիրահատության առաջին ուղիղ հեռարձակումը Նյու Ջերսիի Սրբ. Բառնաբասի բժշկական կենտրոնից, որին Երևանում մոտ երկու ժամ առցանց հետևել են  շուրջ 40 վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, նեֆրոլոգ և ուսանող:

Նշվեց, որ տեղեկատվական-հաղորդակցական  ժամանակակից միջոցների օգտագործումը բժշկության մեջ, այսօր ժամանակակից աշխարհի որդեգրած գերակա ուղղություններից մեկն է:  

Ծրագրի ներկայացումից հետո տեղի ունեցավ համերգ՝ «Երաժշտությունը բժշկության համար» խորագրով: