Ապրիլի 25-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած երկու պատանիների՝ «Թումոյի» ուսանողներ Ռոլանդ Խոջայանի և Էդգար Գասպարյանի ստացած վերքերը ապաքինվել են ժամանակից շուտ: Ինչպես «Արևելքին» հայտնեցին նրանց բուժմամբ զբաղվող բժիշկները, նման խորը վերքերի ապաքինման համար սովորաբար անհրաժեշտ 3 ամսվա փոխարեն տղաների վերքերը փակվել են 25 օրում: Բուժման համար օգտագործվել է վերքերի փակման վակուումային համակարգ, որը հատուկ բժշկական սպունգերի միջոցով կատարվող գերժամանակակից մեթոդ է: Բուժումը հնարավոր է եղել իրականացնել «Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում՝ արտասահմանցի մասնագետների հետ կապ հաստատելու և փորձի փոխանակման շնորհիվ: Ծրագիրը հիմնվել է 2014-ի մայիսին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևելյան շրջանի գրասենյակի և հայ բժիշկների շնորհիվ՝ բուժաշխատողների շարունակական կրթության զարգացման, բժշկական խորհրդատվություն տրամադրելու և բնակչությանը բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ծրագրի երկրորդ տարվա առթիվ Ազգային պատկերասրահում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախագծի ղեկավար Գևորգ Յաղջյանը ներկայացրեց երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքը, նշելով, որ իրականացվել է բժշկության արդիական ոլորտներին (սրտաբանություն, էնդոկրին հիվանդություններ, սննդաբանություն, վարակիչ հիվանդություններ) առնչվող թեմաներով տեսակոնֆերանսներ, որոնց մասնակցել են Երևանի, Հայաստանի մարզերի և Արցախի հարյուրավոր բուժաշխատողներ: Հեռուստակամուրջների ընթացքում տեղի է ունեցել երիկամի փոխպատվաստման վիրահատության առաջին ուղիղ հեռարձակումը Նյու Ջերսիի Սրբ. Բառնաբասի բժշկական կենտրոնից, որին Երևանում մոտ երկու ժամ առցանց հետևել են շուրջ 40 վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, նեֆրոլոգ և ուսանող:
Նշվեց, որ տեղեկատվական-հաղորդակցական ժամանակակից միջոցների օգտագործումը բժշկության մեջ, այսօր ժամանակակից աշխարհի որդեգրած գերակա ուղղություններից մեկն է:
Ծրագրի ներկայացումից հետո տեղի ունեցավ համերգ՝ «Երաժշտությունը բժշկության համար» խորագրով:
